Վերաքննիչ դատարանը այսօր որոշել է մասնակի բավարարել Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, զոհված զինծառայողի մոր Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը և փոխել նրա խափանման միջոցը՝ նշանակելով տնային կալանք։ Այդ մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Վերաքննիչ դատարանը այս որոշումը կայացրել է բավարարելով նախկին փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Ռուբեն Մելիքյանի միջնորդությունները։ Բայց այս որոշումը մեզ չի բավարարում, այսինքն՝ ծափերով չենք ընդունել այս որոշումը, սա այնպիսի գործ է, որ ընդհանրապես խափանման միջոց չպետք է կիրառվի», -հավելեց փաստաբանը՝ նշելով, որ հիմա Գայանեն պատրաստվում է գնալ տուն։
Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել էր մայիսի 20-ին, մեկ ամիս ժամանակով։ Նա մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար: Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկության համաձայն, ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ու պատմել, որ մայիսի 17-ին փողոցում, Վերաքննիչ դատարանի դիմաց իրեն են մոտեցել զոհված զինծառայողների ծնողներ: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել, սակայն ըստ Փաշինյանի, կինն իր համար անսպասելի վարել է մեքենան։
Այդուհանդերձ, այսօր ժամը 14։00-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված է այս գործով նախնական դատական նիստ, և պաշտպանները դարձյալ բարձրացնելու են խափանման միջոցի հարցը։
«Պաշտպանական կողմին չի բավարարում տնային կալանքը, որը ըստ էության նրա ազատ տեղաշարժն է սահմանափակում։ Գայանե Մարտիրոսյանը, ընդհանրապես, ենթակա չէր կալանքի, քանի որ արարքը սխալ է որակված, և առևանգում գոյություն չունի։ Մենք այսօր նախնական դատական նիստում վիճարկելու ենք տնային կալանքի հարցը, և կարծում եմ, առաջին ատյանի դատարանը կգտնվի իր բարձրության վրա», — Forrights.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի մյուս փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: