Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 31-ին մի քանի հայտարարություն է արել, որոնք այդպես էլ աննկատ մնացին:
Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, Սփյուռքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, քանի որ «պատվիրատուն» հայտնի կուսակցությունն է (ՀՅԴ- հեղ․) մենք պետք է խոսենք Էրդողանի հետ, որ ուրիշները չխոսեն, Արցախն էլ՝ դե հիմա այդպես է ստացվել, հո չենք վերադառնա Լենինի, Աթաթուրքի ժամանակներին, պարտվել ենք պատերազմում, եւ դա պիտի լինի ելման կետը։ Ահա Սինանյանի հայտարարությունների իմաստը։
«30 տարի մենք Ցեղասպանության ճանաչման համար Սփյուռքում հսկայական ռեսուրսներ ենք օգտագործել, բայց հասանք մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չհասանք: Այսինքն՝ Ցեղասպանությունը ճանաչվեց, մենք տարանք բարոյական հաղթանակ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց», -ասել է պաշտոնյան:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն անհամբեր սպասում Էրդողանի հետ հանդիպմանը, նա պատասխանել է․ «85 միլիոն բնակչություն ունեցող հարեւան ունենք, անունը Թուրքիա, եւ նա ունի վերընտրված նախագահ, եւ մենք մի պետություն ենք, որը պետք է ապրի: Եւ մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ: Պատմությունն ապացուցել է, որ երբ մենք չենք խոսում, ուրիշները խոսում են»: (Ի դեպ, Էրդողանը վերջին պահին չեղարկել է հունիսի 1-ի Մոլդովա կատարելիք այցը, հանդիպման «շանս» չթողնելով Փաշինյանին):
«Կարող ենք վերադառնալ Լենինին, կարող ենք 1920 թվականի ռուս-բոլշեւիկ-թուրքական դաշինքի նոյեմբեր ամսի հարձակմանը Հայաստանի հանդեպ. սկսե՞նք այդտեղից»,- ասել էր Սինանյանը՝ նշելով, որ ներկայիս հայտարարությունները պայմանավորված են 2020-ի պատերազմի արդյունքներով:
«Ես փիլիսոփայորեն եմ մոտենում Փաշինյանին Սփյուռքում վատ ընդունելուն», -նշել է նա՝ ասելով, որ դա «կոնկրետ մի կուսակցական հոսանք է, որը նախորդ տխրահռչակ իշխանությունների մաս է կազմել եւ շատ վատ հետք է թողել իր հետեւից»։ (Ի դեպ՝ ՀՅԴ-ն եղել է նաև Փաշինյանի առաջին կառավարության կազմում):
Կարճ, սակայն ֆունդամենտալ մանիֆեստ հայոց նորագույն պատմությունը շրջելու մասին։
Պարզվում է՝ Ցեղասպանությունը ճանաչվել է, եւ դա միայն բարոյական հաղթանակ է։ Իսկ քաղաքական, իրավական պահանջներ հայերը չունե՞ն։ Այսինքն, հողերի, հսկայական սեփականության, գույքի կորուստը, միլիոնավոր մարդկանց սպանդի ենթարկելը՝ միայն հայ լինելու համար մեծահոգաբար ներվե՞լ է։ Մենք ճանաչո՞ւմ ենք, որ Թուրքիան կարող է մեր հողերի, արյան վրա անպատիժ նոր կայսրություն կառուցել։ Եւ անհամբեր սպասում ենք «սուլթանի» հետ հանդիպմանը, որ ասենք՝ ներել ու մոռացել ենք եւ ընդունում ենք հպատակությունը։
Սինանյանի եւ յուր խմբակի հայտարարություններն առ այն, որ ելման կետ պետք է ընդունվեն ոչ թե 1920-ականների ճակատագրական իրողությունները, այլ 1975, 1991 թ․ սահմանները, ռուս-թուրքական պայմանագրերը, Ստալինի որոշումները, եւ որն առավել կարեւոր է՝ 2020թ․ պատերազմի արդյունքները, ճանապարհ են բացում Հայաստանի՝ թուրքական օկուպացիայի համար։
Եթե մենք ոչ մի պահանջ չունենք ոչ մեկի հանդեպ եւ լուռ ճանաչում ենք ուժային լուծումները, ավելի ուժեղի «հաղթանակը», ապա Էրդողանին ոչինչ չի խանգարի կատարել հաջորդ քայլը՝ Կարսի օկուպացիոն կորպուսի հետ միասին հատել «ԽՍՀՄ արտաքին սահմանը», որը «պաշտպանում են» ռուս սահմանապահները, մտնել Հայաստան եւ հայտարարել «հայկական հարցի վերջնական լուծման մասին»։ Ռուս սահմանապահները հաճույքով հետ կքաշվեն, տեղ տալով թուրք «եղբայրներին», Փաշինյանն ու Սինանյանն էլ կասեն, որ 85-միլիոնանոց Թուրքիայի դեմ չեն կարող պայքարել։
Ահա Սինանյանի՝ որպես Փաշինյանի կառավարության ներկայացուցչի հայտարարությունների խորհուրդը։ Պատրաստվեք հաջորդ ուժային լուծմանը, եւ մենք կճանաչենք դրա արդյունքներն, ինչպես ճանաչեցինք 1915, 2020 թթ․արդյունքները։
Նաիրա Հայրումյան