Դիլիջանի ռեստորանային համալիրներում մեկում Տավուշի մարզի քրեական հետախուզության վարչության պետ Արսեն Ղայթմազյանի կողմից բռնության ենթարկված անչափահաս Ա․ Ամիրյանը հոգեբանական ծանր վիճակում է, ունի վախեր։
«Իմ պաշտպանյալը հոգեբանական ծանր վիճակում է, նա տևական ժամանակ դեպքից հետո վախեցել է բարձրաձայնել, չի ցանկացել, մտավախություն է ունեցել, որ եթե բարձրաձայնի, գուցե կրկնվի իր նկատմամբ։ Ներկայումս մեկուսացված վիճակում է գտնվում իմ պաշտպանյալը։ Հաշվի առեք, որ նա անչափահաս է, 16 տարեկան․ լավ օրից չէ, որ անչափահասը գնում է, աշխատում է», —Forrights.am-ին ասում է բռնության ենթարկված տղայի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդը» հունիսի 1-ին տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորան հյուրանոցային համալիրում երրորդ անձի ներկայությամբ դաժանորեն ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։
Քննչական կոմիտեն արձագանքելով այդ տեսանյութին, հաղորդել էր, որ մայիսի 10-ին քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006 թվականին ծնված երիտասարդը ճանաչվել էր տուժող։ Նաև հաղորդվել էր, որ նախաքննության ընթացքում քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, «լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով»: Բռնարարի խնդրանքը բավարարվել է, և արդյունքում քրեական գործ չի հարուցվել: Իսկ ՆԳՆ ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Անչափահասի նկատմամբ իրավապահ մարմնի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բռնության դեպքը հանրային լայն արձագանք է ստացել․ հասարակական, քաղաքական շրջանակներից տարբեր անձինք նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ էին ներկայացրել։
Փաստաբանն ասում է՝ իսկապես, Արսեն Գայթամազյանը ոստիկանության մի խումբ ծառայողների հետ միասին գնացել է տուժող անչափահասի բնակության վայր, վերջինիս հետ փորձել է հաշտվել։ Սակայն տուժողը նշել է, որ հաշտության որևէ եզր չի տեսնում, հետևաբար պետք է իրավական ընթացակարգը ամբողջությամբ շարունակվի, և անձը իր կատարած ենթադրյալ հանրային վտանգավոր արարքի համար ենթարկվի քրեական պատասխանատվության։
Փաստաբան Ռաֆայելյանը հստակեցնում է՝ քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով, այսինքն՝ ենթադրյալ բռնարարը գործուն զղջացել է։ Բայց անտեսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի պահանջը՝ տուժողը հետ չի վերցրել իր դիմումը։
«Անկախ տուժած անձի բողոքից, ասել են՝ զղջացել է ու դրել-կարճել են քրեական վարույթը», — նշում է փաստաբանը։
Նրա խոսքով, Արսեն Գայթմազյանը դեպքի պահին եղել է ալկոհոլային ազդեցության տակ։ «Նա լավ հարբած է եղել, կադրերին էլ եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ հարվածներն ուղիղ չեն», -հավելում է Ռաֆայելյանը։
Քննչական կոմիտեի վարքագիծը, երբ քրեական գործը կարճվել է ու ընթացք չի տրվել, փաստաբանը հովանավորչություն է համարում․ «Հաշվի առեք այն հանգամանքը, որ անձը մինչ լիազորությունների կասեցումը, ապա դադարեցումը ծառայել է ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում, իսկ քրեական գործը հարուցվում ու քննվում է Տավուշի մարզային քննչական վարչությունում, այսինքն՝ գործով քննիչը և ենթադրյալ հանրային վտանգավոր արարք կատարած անձը գործի բերումով ամեն օր շփվել են միմյանց հետ։ Այդ պայմաններում օբյեկտիվ քննություն ակնկալելը ճիշտ չէր լինի»։
Հատկանշական է, որ քրեական գործերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությունը լուռ համաձայնել է գործը կարճելու մասին Քննչական կոմիտեի քննիչի որոշմանը և ընթացք չի տվել վարույթին։ Սակայն «Ազատություն» ռ/կ-ն վկայակոչելով իր աղբյուրներին, այսօր հաղորդել էր, որ բարձրացված հանրային աղմուկից ու քննադատությունից հետո վերադաս դատախազը վերացրել է անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետին մեղադրանք չառաջադրելու որոշումը, ինչը նշանակում է, որ քրեական վարույթը կվերսկսվի ու կշարունակվի։
Փաստաբանն ասում է՝ պետք է փոխվի քրեական հոդվածը (195-րդ հոդված, անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) , և քրեական գործը հարուցվի ՀՀ Քրեական օրենսգքրի 196-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը
«Քննչականը քրեական վարույթը հարուցել էր ոչ մեծ ծանրության, հոդվածով, իսկ մենք պահանջում ենք քրեական գործը հարուցել 196-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ծանր հանցագործություն է և նախատեսում է 3-7 տարի ազատազրկում։ Մենք, բնականաբար, գնալու ենք մինչև վերջ, ենթադրյալ հանրային վտանգավոր արարաք կատարած անձի հետ հաշտվել բացառվում է», -ընդգծում է փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։
Նկատենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս դեպքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի եկել։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: