16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քննչականի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի լիազորությունները մայիսի 5-ից դադարեցվել են:

ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի: Հայտնում ենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

Ծառայողական քննությունը շարունակվում է»:

Այսօր «Ժողովուրդը» տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում դաժանորեն ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մայիսի 10-ին քննչական վարչությունում 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006 թվականին ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող։

Նաև հաղորդվել էր, որ նախաքննության ընթացքում  քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Բռնարարի խնդրանքը բավարարվել է և արդյունքում քրեական գործ չի հարուցվել:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest