Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը․
«Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը:
Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:
Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։
Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»։
Նկատենք՝ Միլլերն ասել էր, որ ամերիկյան կողմը «բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»։
Նաև նշել է, որ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: