Երևանի քաղաքապետարանը շարունակում է արշավը մարաքաղաքի բազմամյա ծառերի դեմ։ Օրեր առաջ, մայիսի 22-ին մոտ տասնյակ ծառեր հատվեցին Աբովյան փողոցի վերին հատվածում, Սարալանջում, որը տանում է դեպի Երիտասարդական պալատի հատված։
Տարածքի բնակիչները Forrights.am-ին ուղարկեցին կոճղերի լուսանկարները, որոնք մնացել էին շքեղ թթենիների տեղում։
Բնապահպանների շրջանում էլ լուրեր են տարածվում, թե մայրաքաղաքի թթենիները կտրելու վերաբերյալ որոշում կա, որովհետև դրանք, իբր՝ ախտոտում են քաղաքը։
«Այո, ես լսել եմ, որ որոշում է կայացված թթենիները կտրել։ Դրանք խանգարում են ու պետք է կտրվեն։ Սա հաստատ է», — ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը։
Քաղաքային իշխանությունները, սակայն չեն խոստովանում, որ կա նման որոշում։
Քաղաքապետարանի Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանը Forrights.am-ին ասաց, որ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, որ կա նման որոշում։ «Չեմ կարող հերքել, կամ հաստատել, որ կա նման որոշում։ Այլ բան է, որ, օրինակ, կենտրոնական փողոցներում լինի, ծառահատման տոմսի հիմքը հանդիսանա, որ չափից շատ մեծացած է, կենսունակության ավարտին մոտ է, դեֆորմացված է, անախորժ վիճակ է ստեղծում», — ասաց Խալաթյանը։ Ինչո՞ւ են հատվել Սարալանջի ծառերը։
Մեր հարցին ի պատասխան նա հղում արեց Երևանի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի ստորագրած եզրակացությանը։
«Ըստ դրա, այդ ծառերը հենապատի միջից են աճած, կամ սերտաճել են հենապատին՝ երթեւեկելի այն հատվածի կողմից։ Հենապատը քանդում են ու փլուզում։ ԹԹենին ծանր բուն ունի, ու իր կշռի հաշվին քանդում է հենապատը»,- ասաց նա։
Նաև հայտնեց, որ անցումների հենասյուներին սերտաճած՝ մինչեւ 15 սմ հաստության բուսատեսակները պետք է ոչնչացվեն։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը պնդում է, որ իրեն թթենիները ոչնչացնելու որոշում հայտնի չէ։ «Չկա նման որոշում թթենիների վերաբերյալ», — ասաց նա։
Ինչ վերաբերում է Սարալանջի ծառերին, ապա, ըստ գլխավոր դենդրոլոգի, դրանք հատվել են ոչ թե իր եզրակացությամբ, այլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ստացված գրության հիման վրա։ «Մենք գրություն ենք ստացել, որ այդ ծառերը խանգարում էին երթևեկությանը», — ասում է Գրիգորյանը։
-Այսինքն, հատման պատճառը սերտաճումը չէ՞ր ճանապարհի հենապատին։
-Դա էլ կա։ Սերտաճած ծառերը ըստ կառավարության որոշման, պետք է հատվեն։
-Բայց ափսոս չէ՞ին, 100 տարվա ծառեր էին․․․
-Ափսոսը ո՞րն է։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ էր լինելու, եթե պատերը քանդվեին։
— Դա գեղեղցկութուն է։ Այլ երկրներում բետոնի մեջ աճած ծառերը պահում են, մարդիկ այնտեղ խնամքով են վերաբերվում ու չեն ոչնչացնում դրանք։
— Ամեն երկիրն իր մոտեցումն ունի։ Էդ 3,4 կիսատ-պռատ ծառերի պատճառով պատեր քանդվե՞ն ։ Մենք դրա փոխարեն էս տարի 10 հեկտար անտառ ենք տնկել, Եռաբլուրի ճանապարհին։
-Խոսքը բարակ շիվերի մասի՞ն է, որոնք դեռ հարց է, կդառնա՞ն անտառ, թե ոչ։ ։
-Բա շվերով են տնկում, որ հետո անտառ դառնա։ 1,5-ից 2 մետրանոց ծառեր են, կամ ինչո՞ւ չի դառնա անտառ։ Որ լավ խնամենք, կդառնա։
Պաշտոնյաները չեն հաստատում, որ թթենիների դեմ արշավ է հայտարարված, սակայն թթենիների հատման դեպքերը բազմաթիվ են։ Այդ մասին ահազանգում են երևանցիները։
Արաբկիրի բնակիչ, բնապահպան ակտիվիստ Աննա Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանի ստորագրած որոշումը որով հատվել են երկու 5-6 մետրանոց թթենիներ Կոմիտաս 33 հասցեում, քանի որ դրանք մանկական խաղահրապարակում էին աճում։
«Այդքան սիրուն- սիրուն նկարում եք ծառատունկերը, ծառերի խնամքը, բա ինչի՞ տենց սիրուն չեք նկարում, ոնց եք անմարդկայինորեն առողջ ծառերը քոքից կտրում, թե՞ այդ գործը թողել եք քաղաքացիները անեն։
«Այսօր ականատես եղա 2 առողջ, վտանգ չներկայացնող թթենիների մորթին։ Ցավոք, ուշ մոտեցա, արդեն ավիրել էիք։ Օրենք եք խախտել, ոչ մի թուղթ ու արձանագրություն այդ ծառերի վրա չկար փակցված, իսկ եզրակացության ու ” մասնագետի” որոշումը անհիմն ու ծիծաղելի են, բայց արի ու տես որ տենց ծաղրածու մասնագետներն են էսօր որոշում քաղաքացին թթվածին կունենա շնչելու թե չէ, ո՞նց եք պատասխան տալու էտ 2 առողջ ծառերը մորթելու համար։ Դուք կանաչապատման ՀՈԱԿ չեք, դուք կանաչազրկում ՀՈԱԿ եք», — դիմում է ակտիվիստը Բեգոյանի ՀԱԿ-ին։ Ի դեպ, մինչև այս ՀՈԱԿ-ի ղեկավար նշանակվելը, Արմեն Բեգոյանը ղեկավարույմ էր «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ը, և կենդանասերների բազմաթիվ բողոքներից հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Հիմա «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի աշխատանքում, ըստ կենդանասերների, մեծ առաջընթաց կա։
Երեւանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դասախոս, դոցենտ Քրիստինա Վարդանյանը եւս նկատել է, որ թթենիները վերացնում են։ Ըստ նրա, դա անթուլատրելի է, թթենին երևանյան կոլորիտի, քաղաքի դիմագծի մասն է, իսկ թութ թափ տալու արարողությունը հին Երևանի ավանդույթներից էր, մարդկանց միավորող։
«Թթենին մեր տարածաշրջանի ամենադիմացկուն ծառերից մեկն է։ Օդը մաքրելու և արևի ճառագայթները կլանելու առումով լավագույն բույսն է, կենսաբազմազանությանը կերակրող, նաև գիտնականները նկատել են, որ թթենիների շարքը լավագույս պաշտպանում է փոշուց։ 10 օր դիմանալ և 11 ամիս վայելել նրա դրական էֆեկտները, կարծում եմ, շատ դժվար չէ։ Հարևան Իրանում, Միջին Ասիայի երկրներում հիմնական ծառատեսակներից մեկը թթենին է։ Երևանում շատ սակավաթիվ են թթենիները։ Մեր ժողովրդին կրթել է պետք։ Բացատրել, որ ծառը մեր տունն է», — ասում է Քրիստինե Վարդանյանը։
Խանջյան փողոցում նա սիրելի թթենի ունի։ Վստահեցնում է՝ եթե որոշեն վերացնել, կկանգնի տակը, չի թողնի։
Սյուզան Սիմոնյան
Ամստերդամի սերտաճած ծառերը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: