«Առայժմ Ոսկեպարում խաղաղ է»,- ասում է 84-ամյա ոսկեպարցի Ժորա Սեփխանյանը, որի պատշգամբից ադրբեջանական դիրքերն անխոչընդոտ են երևում։ «Այստեղից որ մի երկու կիլոմետր իջնենք ներքև՝ ընդեղ են։ Թմբիցը իջնելիս մաշինեքը երևում են»,-ասում է Ոսկեպարի բնակիչը և ցույց տալով պատշգամբից երևացող բլուրը, որտեղ նկատելի են թշնամու շարժը, հավելում․ «Էն ականջավոր քարը որ կա, դրա էս կողմը ճանապարհ է իջնում, ընդեղից իջնելիս տեսնում ենք»։
Ժորա պապն ամեն օր հետևում է տարբեր մայրաքաղաքներում ընթացող խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններին։ «Խաբուսիկ ժամանակաշրջանում ենք ապրում»,-ասում է նա, քանի որ չի վստահում Ալիևին, «նա լավ հարևան չէ»։ «Ադրբեջանցիները մեզ լավ հարևան չեն եղել, չեն էլ լինելու։ Ակնկալիք չունեմ, որ Ալիևի հետ հնարավոր է համաձայնության գալ։ Փոխզիջում պետք է լինի, բայց միակողմանի չպետք է լինի, զիջումները պետք է հավասար լինեն, Ալիևը չի ուզում»,-ասում է նա։
Գյուղի տարեց բնակիչը նաև միջազգային հանրությունից առանձնապես ակնկալիքներ չունի․ «Եվրոպական պետությունները, ինչու չէ նաև Ռուսաստանը, գործով չեն օգնում մեզ, խոսքով են օգնում։ Կգա ժամանակ, որ արդեն գործի կանցնեն էն ժամանակ կարելի է խոսել, հիմա լավ բան չեն խոստանում»։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի 86,6 հազար քառ․ կիլոմետր տարածքը ներառում է նաև որոշ տարածքներ Տավուշից, այսպես կոչված, «անկլավները», Ժորա Սեփխանյանը լսել է։ Նա կտրուկ է արձագանքում՝ «Ո՛չ։ Մերն ա դա, իրենցը չէ։ Բացառվում է նրանց այստեղ գալը։ Եթե հանկարծ Հայաստանը համոզվի, այս տարածքները տա նրանց, նրանք չեն գալու, բայց ի վնաս մեզ է լինելու, տարածքները զբաղեցնելու են, մենք չեքն կարողանալու այնտեղից օգտվել»,-ասում է նա։
Ոսկեպարի շրջակա տարածքները, որ այսպես կոչված, «անկլավներ» են անվանվում, կենսական նշանակություն ունեն ոսկեպարցիների համար։ Նրանք այդ տարածքներում անասնապահությամբ են զբաղվում, օգտվում են անտառի բարիքներից։ «Եթե ադրբեջանցիները գան, այստեղից երկու կիլոմետր են հեռու լինելու։ Եթե գան, այդ տարածքները, փաստացի, լրիվ իրենցն է լինելու։ Եթե գան, չեն գալու, բայց տարածքը վերցնելու են»,-մտահոգվում է Ոսկեպարի բնակիչը։ Նրա խոսքով՝ եթե անգամ Արծվաշենը վերադարձվի հայերին, Ալիևը գիտի, որ այնտեղ մարդիկ չեն վերադառնալու, չորս կողմից շրջափակված է ադրբեջանցիներով․ «Ո՞վ կգնա ընդեղ, եթե շրջափակման մեջ է»։
Ի՞նչ սոցիալական ծրագրեր պետք է իրականացնել Ոսկեպարում, որ բնակիչների կենսակերպը բարելավվի, այս հարցին ի պատասխան, Ժորա Սեփխանյանը կրկին անվտնագային խնդիրներն է առաջ քաշում։ «Մինչև անվտանգությունը չապահովվի, գյուղը պակասելու է։ Եթե, ի ուրախություն մեզ, բանակցությունները դրական արդյունք տվեցին, մեր գյուղացիք լրիվ վերադառնալու են։ Շատ են գնացել։ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին դպրոցում ունեինք 316 աշակերտ, իսկ հիմա՝ 80, թե՞ 90 աշակերտ, տարբերությունը զգացեք»,-ասում է նա։
Որպեսզի Հայաստանը բանակցություններում հաջողի, ըստ ոսկեպարցու, Երևանում բոլորը պետք է համախմբվեն։ Նա իշխանությանն ու ընդդիմությանը մի սեղանի շուրջ նստած տեսնել է ցանկանում, բայց, ասում է՝ փոխարենը խորհրդարանում վեճերի է ականատես լինում։
«Իրար բտահարում են, իրար հրում են, իրար․․․ դա Ազգային ժողով չէ, նրանք պետություն չեն կարա ղեկավարեն։ Ժողովրդի անվտանգության, սոցիալական, տնտեսական պայմանների մասին պետք է մտածեն։ Ազգային ժողովի մեջը մի մարդ չկա՞, որ կազմակերպի, ասի՝ արեք մի սեղանի շուրջ նստենք, տեսնենք՝ որըս ենք ճիշտ, որըս ենք սխալ»,-ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։