Սյունիքի մարզի Տեղ համայնքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի ներխուժման հետևանքով նախնական հաշվարկներով 50 տնտեսվարող զրկվել է հողամասերից ու հնարավորություն չունի գնալ դաշտ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի հետևանքով տուժած գյուղացիների վերաբերյալ հիմա իրականացվում են հաշվարկներ։

«Իրականում բարդ է հաշվել, թե քանի մարդ է զրկվել իր հողերը մշակելու հնարավորությունից, որովհետև խոսքը ոչ միայն ադրբեջանական ներխուժման մասին է, այլ հայկական կողմը ևս այդ տարածքներում ինժեներական աշխատանքներ է կատարել ու տեղակայվել։ Երբ կվերջանա տեղակայումների գործընթացը, համապատասխան գերատեսչությունների կողմից կֆիքսվի, որ այդ տարածքներում արդեն չեն կարող գյուղացիներն իրականացնել աշխատանքներ, այդ դեպքում մենք արդեն կսկսենք թե չիրացված եկամուտների իրացման գործընթաց, թե այլ աջակցման մեխանիզմներ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց գյուղացիական աշխատանքը շարունակել մեկ այլ հողատարածքի վրա։ Այստեղ փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա նաև պայմանավորված է մեր պաշտպանական համակարգերի տեղակայմամբ»,- Գորիսում Երևանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը։

Այդուհանդերձ պաշտոնյան պնդում է՝ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքը մեծ նշանակություն ունի, հետևաբար, ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են։

Պատասխանելով հարցերին, մարզպետը ներկայացրել է՝ ինչպես է ադրբեջանական զինուժը կարողացել առաջընթաց ունենալ Տեղ գյուղի հատվածում․ «Դուք լավ տեղյակ եք, որ Սյունիքի երկայնքով երկու տեսակի կառույցներ ունենք, որոնք սահմանյին խնդիրներով են զբաղված․մեկը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն են, մյուսը՝ Պաշտպանության նախարարության զորքերը։ Այստեղ խնդիրն այն է, որ, բնականաբար, սահմանապահ զորքերը չեն կարող կանգնել մյուս կողմից կանգնած բանակի դեմ դիմաց։ Այստեղ է խնդիրը, որի հետևանքով Տեղ բնակավայրում ստեղծվել է այդ իրավիճակը։ Մնացած մանրամասներից՝ ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ, տեղյակ չեմ։ Այդ տեղեկատվությունը նախ հասանելի չէ, երկրորդ՝ համապատասխան մարմինների ղեկավարները կարող են պատասխանել»

Նկատենք՝ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, թե տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ», -նշել էին ԱԱԾ-ից։

Հարցին, թե ադրբեջանական զորքը դուրս եկե՞լ է այդ տարածքներից, բարելավում եղե՞լ է, Ռոբերտ Ղուկասյանն արձագանքել է․ «Ինչ վերաբերում է բարելավումաներին, այդ բարելավումների շարքից մեկը այն իրադրությունն է, որից մենք բոլորս տեղյակ ենք՝ կրակոցների հետևանքով ունեցանք չորս զոհ, նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր վիրավորվել, որը փառք Աստծո, վերադարձել է շարքեր։ Խոսքը, բնականաբար, դիրքերի տեղակայման մասին է՝ ճիշտ ժամանակին կարևոր է ճիշտ դիրքավորվել։ Ընդհանուր իրավիճակն այնպես է, որ, բնականաբար, այդտեղ ունենք սուվերեն տարածք ներխուժում, բայց թե կոնկրետ որ հատվածներում որքանով, մեզ էլ է դա հետաքրքիր, որ հստակ իմանանք։ Բայց, որ կա այդպիսի բան, փաստ է»։

Սյունիքում անորոշություն կա, բայց արտագաղթ չկա

Այդուհանդերձ, մարզի ղեկավարի խոսքով, Սյունիքում կա մեծ անորոշություն․ «Բայց ամենակարևորն այն է, որ այստեղ բնակչությունը հստակ գիտի, որ իրենք հայրենիքում են, իրենց տանն են։ Արտագաղթ չկա, բնակչության թիվը նույնն է, ինչ եղել է նախքան 44-օրյա պատերազմը։ Որոշ դեպքում նույնիսկ մարդիկ վերադարձել են։ Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ միայն երկու օր է նկատվել բնակչության թվի նվազում, որից հետո բոլորը վերադարձել են իրենց տները և շարունակել զբաղվել իրենց առօրյա աշխատանքով»։

Անորոշության հետ միասին, սյունեցրիների մեծ մասը ադրբեջանական զորքերի նշանառության տակ են։ Մարզպետն ասում է՝ այսօր Սյունիքը շուրջ 420 կմ սահման ունի Ադրբեջանի և Նախիջևանի հետ։ Ստեղծված մարտահրավերներին դիմակայելու բանաձևը մարզպետը գտել է․ «Ես անում եմ այն, ինչն ըստ իս ամենակարևորն է՝ մարզում պետք է լինի կայունություն և միասնություն, որպեսզի դիմակայենք բոլոր մարտահրավերներին։ Այդ իմաստով, իհարկե, շնորհակալ եմ բոլոր սյունեցիներին, որովհետև դա շատ արագ տեղի ունեցավ։ Նկատած կլինեք, որ մարզում ընդհանրապես ներքաղաքական որևէ գործողություն չկա։ Դա ստացվեց, որովհետև այդպես էր պահանջում Սյունիքը։ Իրականում շատ կարևոր է, որ մարզը լինի կայուն։ Ես վստահ եմ, որ այլ երկրների բազմաթիվ պլաններ տապալվել են, որովհետև Սյունիքը եղել է միասնական ու կայուն, այդպիսով նաև ժամանակ է տրվում նախապատրաստվել տնտեսական զարգացմանը, ինչը կնպաստի դիմադրողականության բարձացմանը։ Ողջ պատմության ընթացքում, երբ միասնական ենք, ոչինչ տեղի չի ունենում, երբ պառակտվում ենք, անմիջապես հատուցում ենք դրա համար։ Սյունիքը միշտ կայուն է, ես սիրում եմ միշտ ասել՝ սյունյաց պատը պետք է լինի ամուր և երբեք չպետք է քանդվի»։

Ինչո՞ւ են Կապանում բնակարանները թանկանում

Կապանում անշարժ գույքի գների աճը, ըստ Սյունիքի մարզպետի, չպետք է զարմանալի լինի։ Ավելին, սյունյաց այս բնակավայրում բնակարանների գները միշտ են թանկ եղել։ «Կապանում նույնիսկ վարձակալությամբ բնակարան գտնելն է շատ դժվար։ Ինձ շուրջ 4 ամիս էր անհրաժեշտ, որպեսզի կարողանայի վարձակալությամբ բնակարան գտնել։ Այո, կա անշարժ գույքի գների թանկացում, բայց դա միայն Կապանին չի վերաբերում, ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե Երևանում այդ առումով ինչ է կատարվում։ Մյուս կողմից, Կապանում նոր մարդիկ են հայտնվել՝ թե զինվորականներ, թե այլ խմբեր, նրանց բնակվելու տեղ է պետք։ Եվ այդ գործոնը մեծ արագությամբ բերում է գների բարձրացմանը»,- բացատրել է Ռոբերտ Ղուկասյանը։

Զենք՝ սահմանապահ բնակիչներին

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո շատ էր անհանգստացնում զենք չունենալու հանգամանքը։ Մարզպետը սակայն, ասում է՝ զենք կա, պարզապես ճիշտ չէ միշտ զենքը կողքին ունենալը։ «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ կան զենքեր։ Կան մարդիկ, ովքեր ուզում են զենքը միշտ կրել իրենց հետ, ինչը միանշանակ ճիշտ չէ։ Նույնիսկ առաջնագծում կանգնած զինվորը, երբ դիրքից իջնում է, և հերթափոխ է տեղի ունենում, միշտ զենքը թողնում  է զինանոցում։

«Միանշանակ է, որ այս հարցում պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ ինքներդ եք հասկանում՝ երբ զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա մենք կարող ենք ունենալ և դժբախտ պատահարներ, և անցանկալի իրավիճակներ։ Բայց սխալ է ասել, որ սահմանամերձ գյուղերում զենքեր չկան, զենքեր կան, և կարծում եմ՝ կան այնքան քանակությամբ զենքեր, որքան Պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է գտնում։ Բոլոր գյուղերում էլ կան զենքեր»,- ընդգծել է Ռոբերտ Ղուկասյանը։

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest