Արցախցի Գայանե Առստամյանը, որը հայտնի է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, վերջերս նաև՝ բողոքի ակցիաներին, չի համարում, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արցախը հանձնում է» և ասում է՝ պետք է հասկանալ նրա հռետորաբանությունը:
«Պատկերացրեք՝ ունենք մաթեմատիկական խնդիր, որի բաղադրիչների մեծ մասը անհայտ է, այսինքն՝ խնդիրը շատ լայն է: Մեզ անընդհատ տրամադրում են՝ ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը-հեղ.) հրեշ է, ուզում է հանձնել Արցախը, լազեյկա է փնտրում, որ հանձնի: Ժողովուրդը այդ շրջապտույտի մեջ է, այլ օրակարգ չի առաջարկվում հանրությանը», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Գայանե Առստամյանը:
Մինչդեռ նրա խոսքով, պետք է խորությամբ հասկանալ՝ ինչու է երկրի ղեկավարը հայտարարում, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Արցախը: Նա ասում է՝ այս տարածքում աշխարհաքաղաքական մեծ խաղ է տեղի ունենում, որում ադրբեջանաթուրքական կողմն իր նվաճողական շահն ունի, ռուսական կայսրությունը նույնպես հետապնդում է մեծ շահեր: «Ի՞նչ է անում հայկական կողմը, ի՞նչ վարքագիծ է դրսևորել վերջին տարիներին: Ես կարող եմ ասել, որ Արցախը 2 է ստացել պետականաշինության հարցում վերջին 30 տարիների ընթացքում: Չգիտենք՝ ինչ ենք ուզում և ինչ կարող ենք անել»,-հարցեր է բարձրացնում տիկին Գայանեն:
Արցախցիների դիրքերը, նրա ասելով, ամուր են, ճշմարտությունը իրենց կողմն է, Արցախը հայկական տարածք է, և ժողովուրդը չնայած վերջին շրջանի ծանր ու ճգնաժամային օրերի, հեռանալու մտադրություն չունի:
Փորձեցինք հասկանալ՝ այսինքն ընդունում է այսպես ասած խաղի կանոնները, որ փաստորեն Արցախը Ադրբեջանի մաս է և պետք է գործի դնել հարցի լուծման միջազգային իրավական գործիքակա՞զմը: Ի պատասխան Գայանե Առստամյանը արձագանքում է.
«Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանը սուրը վերցնի … ի վիճակի՞ է Հայաստանը այսօր պատերազմել: Ինչպե՞ս եք պատկերացնում: Արդյոք Հայաստանն այլընտրանք ունի՞, քան նրա հռետորաբանությունը՝ ապահովել խաղաղ պայմաններ, որ Հայաստանը շունչ քաշի: Ամբողջ օրը գրում ու հայտարարում են՝ ստորագրեց-չստորագրեց և այլն: Բայց պետք է հասկանալ՝ խնդիրը միանգամայն այլ է՝ ես չեմ ասում, որ պետք է լինենք Ադրբեջանի կազմում, այլ ասում եմ, որ մեր նախորդ տարիների սխալով չենք կարողացել մեր ինքնուրույնությունը հաստատել, վավերացնել միջազգային հարթակներում: Ու այդ ուղղությամբ պայքարը պետք է շարունակենք:»:
Մեր արձագանքին, որ այս պարագայում խոսքը Ադրբեջանի մասին է, երբ նախադեպերը ցույց են տվել, որ նրա հետ հարաբերություններում միջազգային իրավունքը չի աշխատում, Գայանե Առստամյանը պատասխանում է. «Ես դա չեմ մոռանում, ես դրանց առաջին օրը չէ, որ ճանաչում եմ: Մի՞թե պետական գործիչը չի հասկանում այդ հանգամանքը: Պետական գործիչը այն չէ, որ ինչ մտքին դուրս գա, վեր կենա ասի: Իհարկե, Փաշինյանն էլ է շատ ժամանակ ավելորդ բաներ խոսում, բայց պետք չի այդքանը վերցնել-դնել, քննարկել: Մենք շատ լավ գիտենք՝ թուրքն ինչ ա»:
Դիտարկմանը, թե Արցախի խորհրդարանը բավական կոշտ էր արձագանքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, ճանաչելու մասին վարչապետի հայտարարությանը, Գայանե Առստամյանը պատասխանում է.
«Ոչինչ, թող դուրս գան, թող հայտարարություններ անեն: Նման հայտարարությունները անհրաժեշտ են նաև միջազգային հանրությանը ցույց տալու, որ Արցախը խոսում է: Եթե Փաշինյանը հայտարարեր, որ Արցախը համարում է Ադրբեջանի անբաժանելի մասը, ապա դա այլ հարց է, դա իրավիճակը փոխում է: Բայց եթե նա հայտարարում է, թե որպես պետություն տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ, միանգամայն այլ իրավիճակ է: Եթե հայտարարեց, որ ունի տարածքային վերապահումներ Ադրբեջանի նկատմամբ, ապա հետևանքներրը լուրջ ու ծանր կլինեն, և նա (Նիկոլ Փաշինյանը-հեղ.) որպես պետականամետ գործիչ, հասկանում է այդքան բան: Հիմա ի՞նչ են իրանից ուզում, չեմ հասկանում»:
Նա վստահ է՝ նման դիրքորոշմամբ ինքը Արցախում միայնակ չէ: Ավելին, ասում է՝ չի վախենում՝ իրեն «նիկոլական» կանվանեն: «Ես հայամետ եմ ու պետականամետ», -ընդգծում է Արցախի բնակիչը:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: