Դավիթը, Ռուբենը և Գրիգորին ընկերներ են, ծնվել ու ապրում են Կոռնիձորում։ Երևանում առկա բազմաժանր խաղահրապարակներից հեռու այս սահմանամերձ գյուղի երեխաները երազում են ժամանակակից ֆուտբոլի դաշտ ունենալ։ «Բոմբ ֆուտբոլի դաշտ ենք ուզում»,-ասում է 8-ամյա Դավիթը, որ 3-րդ դասարանում է սովորում ու արդեն որոշել է՝ ֆուտբոլիստ է դառնալու։
Ընկերոջ նման ֆուտբոլային կարիերայի հետևից է ուզում գնալ նաև 2-րդ դասարանում սովորող Ռուբենը, իսկ 4-րդ դասարանում սովորող Գրիգորիին ոստիկան կդառնա, ասում է՝ բոլորին պաշտպանելու համար։ Մինչ այդ երեխաները ցանկանում են միասին նույն թիմում ֆուտբալ խաղալ․ «բայց ինչպե՞ս»,- մտահոգություններն է հայտնում Դավիթը, որ ընկերներից ամենաակտիվն է պատասխանում հարցերին, եթե երազանքների դաշտը չկա։
«Որ գոլ ենք թխում հեռու է գնում գնդակը, ցանց չկա։ Լավ խոտ լինի»,-ասում են երեխաները՝ ցույց տալիս ժանգոտված ու ծռմռված դարպասները և պատկերացնում, թե գծանշումներով դաշտի մասին, որտեղ նաև երկրպագուների համար նստարաններ կլինեն։ «Նստելու տեղ լինի, մարդիկ նստեն, մենք էլ խաղ անենք»,-ասում են երեխաները։
Մինչ նոր մարզադաշտի իրականություն դառնալը Դավիթը, Ռուբենն ու Գրիգորին պայքարում են եղանակային պայմանների դեմ՝ անձրևներ են գալիս, դաշտ մտնել չի լինում։ «Որ տաքերն ընկինի, չորանա, գալու ենք խաղանք»,-ասում է Դավիթը ու պատասխանում հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա ֆուտբոլի դաշտ չունեն։
«Դե բա էս ա, մերն էլ էս ա, ի՞նչ անենք բա։ Ձեզ ենք ասում, գնացեք վարչապետին ասեք, թող ասի գան բոմբ ֆուտբոլի դաշտ սարքեն»,-հույսով ասում է Ռուբենը, որ տեսել է, թե ինչպես է Փաշինյանն այլ համայնքերում ֆուտբոլի՝ իրենց նախընտրած դաշտերի բացմանը մասնակցում։ «Վարչապետն ասի, գան սարքեն, մենք էլ գնանք խաղ անենք»։
Կոռնիձորը 2021 թվականից աղջիկների ֆուտբոլի թիմ ունի, Գորիսում մարզվում են, առաջնությունների մասնակցում ու հաղթանակներ գրանցում։ Տղաները պայքարում են իրենց թիմն ունենալու համար։ «Ուզում ենք այստեղ ֆուտբոլի թիմ բացվի, բայց հլը թիմը հավաքված չի»,-ասում է Ռուբենը։
Կոռնիձորի ֆուտբոլի դաշտից տեսանելի է թշնամու դիրքերը,- «Հե՜ն են, թուրքերն են»,-ասում է Ռուբենը, իսկ Դավիթն ավելացնում է․ «ամբողջ սարերում թուրքն ա»։
Դավիթը, Ռուբենը և Գրիգորին ասում են․ «Գյուղում խաղաղություն լինի, մենք մեր գյուղը շատ ենք սիրում, ոչ մի երկիր էլ չենք սիրում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։