Այսօր Արսենյանը ազնվորեն ասաց, որ չորս գումարումների պատգամավոր է եղել: Եվ դա շատ բան է ասում տարբեր իշխանությունների շվաքի ներքո նրա հարմարվողականության մասին: Այսօր նա միանշանակ կողմ է Փաշինյանի խաղաղության օրակարգին: Որովհետև ինքն իրենով երբեք Ազգային ժողովի ճաղերն էլ չէր տեսնի, ուր մնաց պատգամավորի մանդատը:
Եվ անմիջապես հարց է ծագում՝ եթե Քոչարյանը վերադառնա իշխանության ու հայտարարի, որ Հայաստանը կանգնած է մի մարտահրավերի առաջ, որից դուրս գալու միակ ելքը Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է, ո՞րը կլինի Արսենյանի դիրքորոշումը: Ճիշտ է՝ նա դրան միանշանակ կողմ կլինի: Եթե պարզվի, որ նույն մարտահրավերը, ըստ Փաշինյանին կամ Քոչարյանին հակապատկեր մեկ այլ առաջնորդի պատկերացման մեզ տանում է դեպի Թուրքիայի տարածքային ամբողջականության մաս դառնալու, չկասկածեք, Գուրգեն Արսենյանը դրան էլ միանշանակ կողմ կլինի:
Գուրգեն Արսենյանը կողմ է իշխանությանը: Սա ամենամիանշանակն է: Մնացածը, թե ինչին է կողմ իշխանությունը, բնավ էական չէ: Այլապես ի՞նչ ասելու բան է, որ «ես չորս գումարումների ԱԺ պատգամավոր եմ եղել»: Իբր ԲՀԿ-ն էլ առանց իշխանության ողորմածության էր մտնում ԱԺ: Կամ Արսենյանի գլխավորած ՄԱԿ կուսակցությունը, որի բաժանած ընտրակաշառքների մասին մամուլը լիքը գրել է:
Գուրգեն Արսենյանը խնդիր է Հայաստանի համար: Որովհետև Հայաստանի խնդիրը իշխանության էությունն է: Արսենյանը և ոչ միայն նա, լավ գիտի, որ սեփական կոմֆորմիզմը պետք է կերակրվի: Քոչարյանի օրոք էդ կոմֆորմիզմը սոված չի մնացել, Սերժ Սարգսյանի օրոք սոված չի մնացել, սոված չէ նաև Նիկոլ Փաշինյանի օրոք: Առաջին անգամ պատգամավորական մանդատ է ստացել ՀՀԿ անդամություն ունենալով, իսկ հիմա մերժում է Սերժին: Ու խնդիրն այն չէ, որ նա այսօր միանշանակ կողմ է Փաշինյանի խաղաղության օրակարգին, այլ այն, թե ինչին միանշանակ կողմ չէ Գուրգեն Արսենյանը իր քաղաքական կենսագրության տարբեր տարիներին:
Հիմա թող Փաշինյանն ասի, թե Հայաստանում ո՞րն է Գուրգեն Արսենյանի քաղաքական արդյունավետության օգտակար գործողության գործակիցը: Ու դա միայն Արսենյանին չի վերաբերվում: ՔՊ-ի կեսի օգտակար գործողության գործակիցը հայտնի չէ: Դա նաև ընդդիմությանն է վերաբերվում: Հայաստանում գրեթե անկախության սկզբից ի վեր ամենահիմնական խնդիրը մնում է քաղաքական կառավարման կերակրատաշտի կողքերը զբոսնելու կիրքը:
Արսենյանը միշտ բիզնես է ունեցել, գոնե 2 հազարականներից ի վեր: Ու նա այդ բիզնեսն ունեցել է մի ժամանակաշրջանում, երբ առանց իշխանության հավանության մարդ չէր կարող մի քոռ լումա աշխատել: Հիմա կարծես թե կարող է, բայց Արսենյանը, ասենք, Սամվել Ալեքսանյանից տարբերվում է նրանով, որ իշխանությունն է սիրում, նա չի կարողանում լինել ընդդիմություն, եթե ընդդիմադիր լինելու անվտանգությունը երաշխավորված չէ իշխանության կողմից: Իսկ այդպիսի ընդդիմություն նա եղել է ու երբեք չի պահանջել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:
2017-ի փետրվարին Նիկոլ Փաշինյանի խմբագրած ՀԺ-ն գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունների հետ չկարողանալով որեւէ շոշափելի արդյունքի հասնել, ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ»: 2015-ին, երբ Սերժ Սարգսյանը հարձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, ԲՀԿ խմբակցության անդամ Արսենյանի արձագանքը այս նախադասությունն էր. «Համաձայն չեմ Սարգսյանի ելույթին»:
Այս իրավիճակում ավելի ծիծաղելի է Փաշինյանի վիճակը: Նրան թվում է, թե հանձին Արսենյանի, հավատարիմ զինակից ունի: Մինչդեռ, այդ հավատարմությունը պետք է փնտրել իշխանությունից դուրս գտնվելու մեջ: Չի գտնելու Փաշինյանն այդ հավատարմությունը:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: