Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը երեկ շատ անակնկալ որոշեց դադարեցնել տիկին Գայանեի պաշտպանությունը՝ հաջողություն մաղթելով նրա պաշտպանությունը շարունակող փաստաբանին։
«Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնել մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին», -ասված էր փաստաբանների երեկ տարածած հայտարարության մեջ։
Այդ խմբից փաստաբան Վահան Հովհաննիսյանը չի ցանկանում փակագծեր բացել, բայց խոստանում է՝ այդ մասին խոսել, երբ Գայանե Մարտիրոսյանը ազատ արձակվի։
«Չեմ ցանկանում փակագծեր բացել, մեկնաբանել; Մի բան կարող եմ ասել՝ իշխանությունները մեզ չեն գնել, բնակարան կամ ավտոմեքենա չեն տվել, պաշտոն չեն առաջարկել», -Forrights.am-ին ասաց փաստաբանը։
Փորձեցինք հստակեցնել՝ ի՞նչ է նշանակում նրանց հայտարարության մեջ նշված «արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է» արտահայտությունը, Հովհաննիսյանը արձագանքեց․ «Ընդամենը կարող եմ ասել, որ մարտավարական տարբերություն է եղել մեր և մեր վստահորդի միջև գործի արդյունավետ լուծման ուղղությամբ։ Կներեք, բայց չեմ ցանկանում շատ բացվել, թե երեք օրում ինչեր կատարվեցին, չեմ կարծում, որ հիմա տեղին է։ Հաջողություն եմ մաղթում տիկին Գայանեին, ցանկանում եմ, որ գործը նրա համար արդյունավետ լուծում ստանա»։
Փաստաբանների այս հայտարարությանը հաջորդեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության հայտարարությունը՝ կառավարության շենքի առջև Մարտիրոսյանին ազատ արձակելու պահանջով երկու օր շարունակվող նստացույցը դադարեցնելու մասին։
««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը ևս կարծում է, որ Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, ինչը երեկ վերահաստատվեց նաև այս շենքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ Խորհրդակցելով մյուս ծնողների հետ որոշում ենք կայացրել դադարեցնել պայքարի այս ձևը՝ նստացույցը», -մայիսի 24-ի երեկոյան հայտարարել էին կազմակերպության ներկայացուցիչները։
Կազմակերպության անդամ Արա Ռոստոմյանը ասաց, որ այս պահին հանգստանում են և հետագա անելիքների մասին դեռ որոշում չեն կայացրել։ «Կազմակերպության նախագահը երեկ հայտարարեց, որ առաջիկայում կհավաքվենք և հետագա պայքարի մասին կքննարկենք ու կներկայացնենք։ Կլինի ընդհանուր նիստ, կորոշի ու լրացուցիչ հայտարարություն կարվի», -Forrights.am-ին ասաց Արա Ռոստոմյանը։
Հարցին՝ արդյոք խոսել են Գայանե Մարտիրոսյանի, հետ արդյոք նա խնդրել է դադարեցնել նստացույցը, նա չպատասխանեց, ասելով․ «Բավարարվեք այդքանով, մինչև ծնողներով կհավաքվեն, լրացուցիչ նիստ կանեն ու որոշում կայացնեն։ Թողեք մի քիչ հանգստանան ծնողները»։
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ նշված հետևյալ արտահայտությունը՝ «․․․Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, ինչը երեկ վերահաստատվեց նաև այս շենքում» ակնարկ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որը նա արել էր նույն օրը, կառավարության շենքում հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա մասնավորապես, ասել էր, որ չի պատրաստվում հորդորել որդուն հետ վերցնել բողոքը:
«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից: Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին։ Ենթադրենք՝ ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը առևանգմա՞մբ պատասխանեմ։ Ինքն ասել է՝ բնականաբար, դա անընդունելի է, և ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ Աշոտ Փաշինյանն իրեն ասել է, թե իր ընկալմամբ հենց դա է եղել հոր քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը», -ասել էր վարչապետը։
Նրա պնդմամբ, այս հարցն ուզում են տեղափոխել «տղայական կամ մերձտղայական հարթություն»․ «Աբսուրդ է, որ կանայք, երբ խոսում են կանանց մասին, ասում են՝ թող տղավարի իրեն պահի: Ի՞նչ տղայավարիի մասին է խոսքը, սա պետություն է: Փոխգնդապետի գլխին շիշ խփեն, ասենք՝ լավ, եկեք ներենք կամ դիմումը հետ վերցնենք՝ մի կերպ կարճենք՝ ներենք, ասենք, գործուն զղջման դեպքով.. առևանգեն… էդ մարդիկ չէի՞ն, որ խոսում էին մանկապարտեզ պայթեցնելու մասին… բա որ տեղի ունենար՝ չէի՞ք ասելու՝ սա պետություն է, թե՝ ի՞նչ է. հետո էլ պիտի գնայիք էդ մանկապարտեզի ծնողներին ասեիք՝ թե դիմումը հետ վերցրեք…»։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: