Այօսր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է փաստաբան Սուսաննա Սարգսյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միւջնորդությունը։
Ըստ քննչական կոմիտեի, փաստաբանը խաբեությամբ հափշտակել է 5 միլիոն դրամից ավելի գումար արտասահման տարված երեխային մորը վերադարձնելու համար
Փաստաբանին ձերբակալել էին երեկ՝ մայիսի 22-ին։ Նա «Հանրային ձայն» կուսակցության համանախագահ, փաստաբան Արտակ Գալստյանի պաշտպանն էր։
Արտակ Գալստյանը երկար ժամանակ քննչական կոմիտեում խոշտանգումների է ենթարկվել, և այս փաստի վերաբերյալ ԱԱԾ-ում նույնիսկ վարույթ կա։ Ուստի առաջին տպավորությունն այն էր, որ Սուսաննայի գործը փոխկապակցված է Արտակ Գալստյանի գործի հետ։
Այսօր քննչական կոմիտեն մանրամասն հաղորդագրություն տարածեց, որով փորձում է կատարվածը ներկայացնել որպես խմբակային հանցագործություն։
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «մի կին «facebook» սոցիալական ցանցի միջոցով երկու տարի առաջ, 2021թ. ապրիլի 6-ին հաղորդագրություն է ուղարկել հանրությանը հայտնի «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով»:
Կինը ցանկանում էր իրավական ճանապարհով հետ բերել անչափահաս երեխային, որին նրա ամուսնալուծված ամուսինը իր հետ տարել էր արտերկիր։ Ըստ հաղորդման, Ղուկասյանը կնոջը խորհուրդ է տվել դիմել իր համակուսակից, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։
Նշենք, որ Սուսաննա Սարգսյանն այդ ընթացքում աշխատում էր Արտակ Գալստյանին պատկանող «Ալգա» փաստաբանական գրասենյակում։
«Հիշյալ կինը Արտակ Գալստյանի հեռախոսահամարը փոխանցել է իր ծնողներին, ովքեր շուրջ երկու շաբաթ անց վերջինիս հետ հեռախոսազրույց ունենալուց հետո հանդիպել են նրան: Արտակ Գալստյանը, որպես փաստաբանի, կնոջ ծնողներին ներկայացրել է «Ա….» /«Ալգա»/ ՍՊԸ հիմնադիր տնօրեն, փաստաբանների պալատի անդամ Ս.Ս.-ին /Սուսաննա Սարգսյանին/», — ասված է հաղորդագրության մեջ:
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն, Սուսաննա Սարգսյանը խոստացել է գումարի դիմաց լուծել կնոջ խնդիրը, «պահանջելով 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք 4.700.000 ՀՀ դրամ գումար, որի շուրջ փաստաբանի և հիշյալ քաղաքացու հոր միջև կնքվել է պայմանագիր» և առձեռն 5000 դոլարի համարժեք դրամ է փոխանցվել: Քննչականը շեշտում է՝ Արտակ Գալստյանի ներկայությամբ։
2023թ. մարտին փաստաբանը իր պաշտպանյալի հետ մեկնել է Դուբայ, որտեղ իբրև՝ գտնվում էր երեխան, սակայն երեխային մորը վերադարձնել չի հաջողվում։ «Այդ կերպ, փաստաբանը, խմբի կազմում, քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս», — ներկայացնում է ՔԿ-ն։
Ակնհայտ է, որ քննիչները աշխատում են գործին մեղսակից դարձնել նաև Արտակ Գալստյանին։ Մեր տեղեկություններով, տուժողը բերդ է նստել և երեխային ցանկացել է իր մոտ բերել կալանավայրից դուրս գալուց հետո։
«Հանրային Ձայն» կուսակցության համանախագահ Վարդան Ղուկասյանը, որի անունը հիշատակվում է հաղորդագրության մեջ, Forrights.am-ին հայտնեց, որ ինքն է հորդորել խաբեության զոհ դարձած կնոջը հանցագործության մասին հաղորդում տալ։
«Այդ կնոջը ես եմ ուղղորդել, որ նա գնա և իրավապահներին հաղորդում տա։ Այդ ժամանակ Արտակ Գալստյանը անգամ կալանավորված չէր։ Ըստ ՔԿ հաղորդման, Արտակ Գալստյանը ներկա է եղել փողի փոխանցմանը, այսինքն՝ ներկա է եղել պայմանագրի կնքմանը։ Բայց ես փաստաբանական գրասենակի գործունեությանը չեմ հետևել։ Նրանք ինձ այդ հարցում հաշվետու չեն եղել։ Սուսաննան երբեք չի եղել «Հանրային ձայնի» անդամ, և մեկ տարուց ավելի է, նա իր գործունեությունը ծավալում է առանձին և տևական ժամանակ նրանք կապ չեն ունեցել իրար հետ», — պարզաբանում է Վարդան Ղուկասյանը։
Սուսաննա Սարգսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն առհասարակ ոչ մի հանցակազմ չի տեսնում Քննչական կոմիտեի նկարագրության մեջ։ Նա վստահ է՝ գործի ենթատեքստը քաղաքական է։ Այն միտված է ճնշելու և վախեցնելու Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող Արտակ Գալստյանի փաստաբաններին։
Արսեն Մկրտչյանը պատասխանել է Forrights.am-ի մի քանի հարցերին.
-Խարդախության ի՞նչ ապացույցներ են ձեզ ներկայացրել, մեղադրանքի հիմքը այդ կնոջ ցուցմո՞ւնքն է։
Այո, այդ կնոջ ցուցմունքն է, որը չի համապատասխանում մեղադրանքին, որովհետև ըստ էության, մարդը ունի պայմանագիր, պայմանագրով ունի վճիռներ, այդ գումարների դիմաց փաստաբանական ծառայություն է մատուցել։ Ընդ որում՝ պայմանագրի գումարն է 2 մլն դրամը, իսկ մնացածը Սուսաննա Սարգսյանին չի էլ տրվել։ Դա տրվել է ցուցմունք տվող անձի, որը վերցրել է դրանք, պարտավորվելով վերադարձնել ու ի տարբերություն Սուսաննայի, փաստաբանական ծառաություն չի մատուցել։ Բայց ես չեմ ուզում նախաքննական գաղտնիք բացել։ Ամենազավեշտալին այն է, որ Սուսաննա Սարգսյանի կալանավորման հիմքերում դրված է այն , որ նա փաստաբան է և ունի ինտելեկտ։ Այդպես էլ գրել են։ Այսինքն՝ ինտելեկտի առկայությունը դրել են որպես կալանավորման հիմք։
Իրենք գնացել են Դուբայ, այդ գումարը Սուսաննան վերցրե՞լ է՝ ճանապարհի, հյուրանոցի, և այլն։
Այդ գումարը Սուսաննա Սարգսյանի հետ կապ չունի։ 5.122.150 ՀՀ դրամը պատահական չի նշված։ Մինչև 5 մլն դրամը խոշոր չափ է, դրա համար իրենց պետք էր նշել 5 մլն-ից մի քիչ ավելի։ Իրականում այդ բոլոր գումարները, որոնք գումարում ես՝ դոլարով, դրամով, 5 մլն դրամից չեն անցնում, բայց քանի որ եթե խոշոր չափ չլիներ, ՔԿ հաղորդագրությունն այդքան քաշ չէր ունենա, ծանր հոդվածի, կլիներ միջին ծանրության ու խափանման միջոց կարող է չքննարկվեր, դրա համար այդ վիճակն է։
Այդ պայմանագրում նշված եղե՞լ է կետ, որ եթե չստացվի, գումարները պետք է վերադարձվեն։
Նման բան չի կարող փաստաբանական ծառայության մատուցման պայմանագրում նշվել։ Փաստաբանը երաշխիք տվող չի։ Սուսաննա Սարգսյանը երկար ժամանակ պաշտպանել է տուժողի շահերը դատարաններում։ Նրա օգտին դատական վճիռներ է ստացել։ Այդ աղջիկը եղել է հետախուզման մեջ, հնարավորություն չի ունեցել իր երեխային տեսնելու։ Սուսաննան այդ հետախուզումը վերացրել է, 2 դրվագով արդարացրել է, մի դրվագով արագացված կարգով ստացել է նրա համար բարենպաստ դատական ակտ։ Ծնողները չեն եկել այդ կնոջը բերդից դիմավորելու, Սուսաննա Սարգսյանն է գնացել ու կազմակերպել էդ հարցերը։
Ինչո՞ւ են ուզում ներկայացնել կատարվածը որպես խմբակային հանցագործություն։ Արտակ Գալստյանի մեղքը այս ամենում ո՞րն է։
Սուսաննա Սարգսյանը զոհ է քաղաքական կեղտոտ խաղերի։ Նրա մեղադրանքը խմբակային չի։ Սա Սուսաննային և մյուս փաստաբաններին վախեցնելու քայլ է։ Եկել եք, Արտակ եք պաշտպանում, դե հիմա տեսեք, Արտակ պաշտպանելու համար ինչ կլինի։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: