«Այն դրոշն իմ տղայինն է»,-Կոռնիձոր գյուղի Հերոսների պուրակում տեղադրված ՀՀ պետական դրոշն ու հուշաղբյուրը ցույց տալով ասում է Աշխեն Առաքելյանը։ Նա 44-օրյա պատերազմում անմահացած կապիտան Անդրանիկ Աղաջանյանի մայրն է։
Գյուղի գլխավոր փողոցից տեսարան է բացվում դեպի Հերոսների պուրակ։ Տիկին Աշխենի ամենօրյա հայացքն այդ ուղղությամբ է։ «Տղաս ամբողջ Ջրականի կամադիրն է եղել»,-արցունքները սրբելով հիշում է 29-ամյա կապիտան որդու սխրանքերը։
Անդրանիկ Աղաջանյանը 2012-ից էր Ջրականի զորմասում ծառայում, վաշտի հրամանատարն էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու դեմ պայքարել է հենց այս ուղղությամբ։ Կապիտան Աղաջանյանը վիրավորվել է զինվորներին օգնության հասնելու ժամանակ։
«Նա չի ենթարկվել նահանջ հրամանին, իր բոլոր ընկերները նահանջել են, իսկ ինքն առաջ է գնացել՝ զինվորներին փրկելու համար։ Իր յոթ զինվորներին փրկելու համար, որոնք խրամատում էին՝ վիրավոր, 18 տարեկան զինվորներ էին: Ինքն էլ նրանց հետ անմահացել է։ Երբ Հադրութը վերցրած էր, բոլորը նահանջ էին տվել, բոլորը փախչում էին, իսկ ինքը դեպի առաջ է գնացել»,-պատմում է մայրը։
Անդրանիկ Աղաջանյանի վերջին հեռախոսազանգը եղել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին: «Իր ձայնը շատ դողդողում էր։ Հարցրեցի ինչ կա, ասաց՝ ոչ մի բան, բայց դուք լավ մնացեք։ Երեխաներին գյուղում դպրոց ուղարկի, սա երկար է շարունակվելու։ Լավ կնայես երեխաներիս, միայն դա է ասել։ Գնաց անմահության»,-ասում է մայրը՝ նշելով, որ որդին կնոջ ու երեխաների հետ էր Ջրականում ապրում, ընտանիքը պատերազմի օրերին է տեղափոխվել Կոռնիձոր։
Անդրանիկ Աղաջանյանին զոհվելուց երկու ամիս անց են գտել։ «Զոռով եմ գտել, ի՞նչ եմ գտել․․․մի դրոշ են ինձ տվել ու մի յաշիկ։ Դրան էինք մենք արժանի՞։ 29 տարեկանում ամեն ինչ կորցրեց, թողեց երկու երեխային ու կնոջը»,-ասում է մայրն ու նշում․ «Իմ տղան ասում էր՝ սա պարտված պատերազմ է, մամա։ Մենք չենք հասկանում, թե որտեղ կռվենք, ուր գնում ենք մեր տեղը գիտեն, կարծես թե մենք դավաճանված ենք։ Իմ տղան ապրիլյան պատերազմին էլ է մասնակցել, իր վաշտը ոչ մի զոհ չի տվել, բայց այս պատերազմին ասաց, որ չենք կարող այստեղից հաղթանակով դուրս գալ»։
Անդրանիկ Աղաջանյանը նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, մայրն ասում է ոչ մի զոհ չի ունեցոլ որդու վաշտը։ Անդրանիկը ծառայության ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանական գերատեսչությունների կողմից մի շարք մեդալների ու պատվոգրերի է արժանացել, մայորի կոչում էր ստանալու, բայց չհասցրեց։ Եղբայրը ևս զինվորական է, շարունակում է ծառայությունը։
Հիմա Անդրանիկի ծննդավայր Կոռնիձորն է անվտանգային խնդիրների առջև կանգնել։ Պատերազմից հետո թշնամին մոտեցել է գյուղին։ Տիկին Աշխենը պատմում է ամենօրյա կրակոցների մասին, բայց կյանքը հայրենիքի համար չխնայած սպայի մոր մոտ հուսալքություն՝ չնայած ծանր վշտին, չկա։ Վճռական է պայքարել հայրենի գյուղում ապրելու համար։
«Ինձ անհանգստացնում է երկրի դրությունը, հողերի կորուստը, անպաշտպան լինելը։ Մենք մեր հողերի տերն ենք, ուզում ենք մեր հողերը մշակենք, ապրենք, մեր երեխաներին մեծացնենք։ Էս գյուղում առանց զենքի՝ անգիտակցորեն ապրում ենք, քնում ենք, արթանանում, ինչ կլինի, կլինի։ Ոչ գյուղից դուրս ենք գալիս, ոչ էլ մտածում ենք, որ գյուղը լքելու ենք։ Մեր գյուղն է, մեր ծննդավայրն է, մինչև վերջ ապրելու ենք այստեղ, ինչ կլինենք՝ կլինենք»,-ասում է նա։
Միայն թե, նա չի պատկերացնում՝ ինչպես պետք է խաղաղություն հաստատվի ագրեսոր ադրբեջանցիների հետ։ «Ինչպե՞ս հավատամ խաղաղությանը։ Ես կհաշտվե՞մ թուրքի հետ։ Գիտե՞ս ես ինչ եմ կորցրել, անվանի հրամանատար եմ կորցրել։ Ինչքան էլ ապրեմ, ես թուրքի հետ կհաշտվե՞մ, երբե՛ք, դա չի լինի, ոչ էլ կհավատամ, որ կարելի է թուրքի հետ ապրել։ Թուրքը պոչը կտրած օձ է, իսկ պոչը կտրած օձը գիտեք ինչ է անում, մի տեղ թաքնված սպասում է, որ քեզ խայթի։ Թուրքը (ադրբեջանցին) հենց այդ կենդանին է։ Երբեք չեմ հաշտվի, իմ տղան մնացել է այնտեղ, ես ո՞նց պետք է հաշտվեմ»,-ասում է մայրը։
Նարեկ Կիրակոսյան
Մանրմասները՝ տեսանյութում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: