Պատերազմները լինում են տարածքներ նվաճելու կամ պաշտպանելու համար, ոչ թե մարդ սպանելու։ 2020-ի պատերազմից հետո քաղտեխնոլոգներն ամեն ինչ անում են, որ ապացուցեն՝ տարածքները կապ չունեն, և պատերազմը շուրջ 5 հազար մարդու սպանություն էր։
Պատերազմի «արդյունք» են դարձրել Եռաբլուրը․ տեսե´ք, թե ինչ է լինում, երբ տարածքդ պաշտպանում ես, մյուս անգամ էլ այսպես կլինի։
Դիվանագիտության իմաստը դարձել է «խաղաղություն» մուրալը՝ մենք ոչ ոքի հանդեպ տարածքային պահանջ չունենք, մեր նպատակը՝ անմարմին իրավունքն ու անվտանգությունն է։
Տարածքի իրավունքի, պետության պարտականության և պատերազմի իմաստի մասին հարցեր, այնուամենայնիվ, հնչում են, բայց Փաշինյանը փայլուն տեխնոլոգիա է կիռարում․ նա պատասխանում է ոչ թե հարցին, այլ հարց տվողին։ Խորհրդարանում ի պատասխան ընդդիմության հարցերին, ասում է՝ դուք եք ծախել, կերել։ Պրահայում իշխանության պատասխանատվության մասին հարց տվող արցախցուն ասում է՝ տեղաշարժի իրավունք չունես, եկել ես այստեղ լավ ապրում ես, ինձ հարցեր ես տալիս։ Պատերազմից հետո Արցախ վերադարձած, 160 օր բլոկադայի մեջ ապրող արցախցիների հարցերին ի պատասխան ասում է՝ արտաքին ուժերի հետ դավեր եք դավում իմ դեմ։ Բայց չի ասում՝ ի՞նչ իրավունքով է հող-մարմինը փոխարինել եթերային իրավունքով։ Այսօր Արցախի հանդեպ են դա անում, վաղը՝ Հայաստանի սահմանադրական տարածքի հանդեպ կանեն։ Մեզ հող պետք չէ, Սև լճի համար հո պատերազմի չե՞նք գնա, Սյունիքն էլ թող կորի։ Կոնդը վերանորոգենք, հանգիստ ապրենք վերադարձնող թուրքերի հետ։
Այս ամենի մեջ ամենախոցելի վիճակում են հայտնվում պատերազմում զոհված տղաների հարազատները։ Եթե իրենց տղաները տարածք պաշտպանելու համար չեն զոհվել, ապա հանուն ինչի՞։ Եթե զոհվել են հանուն տարածքի, ապա ինչո՞ւ պետությունը ոչ միայն չի խոսում այդ տարածքների վերադարձման նպատակադրության մասին, այլև ասում է, որ մեզ տարածք պետք չէ։ Ավելին՝ ասում է, որ երեխաները ոչնչի համար են զոհվել։ Ասում է նաև, որ եթե Փաշինյանը պատերազմից և մի քանի հազար զոհերից խուսափեր, նրան դավաճան կանվանեին։
Քաղտեխնոլոգիայի զոհ դարձած մարդկանց մի մասը փսիխոզի է ենթարկվում, Եռաբլուրը սարքելով պաշտամունք, մյուս մասը կուjր տանում է իր վիշտը, այդպես էլ իշխանությունից չլսելով խոստում առ այն, որ իրենց տղաների գործը ավարտին կհասցնեն՝ կազատագրեն հողերը եւ կպաշտպանեն եղածը։ Իսկ ընդդիմությունից եւ հասարակությունից չի լսում պարզ հարց իշխանությանը․ ի՞նչ եք էշ-էշ խոսում, առանց տարածքի ո՞նց եք պատրաստվում «իրավունք» ապահովել։ Չէ՞ որ առաջնային է «հողի իրավունքը», տիտղոսը, որքան էլ «ձախ»՝ սովետական, նեոլիբերալ, կամ պարզապես ազգակործան ուժերին դա դուր չի գալիս։ Այսպես թե այնպես, պատերազմները տարածքի համար են վարվում, պետություններն էլ ստեղծվում են տարածքի իրավունքը, սեփականության իրավունքը կառավարելու համար։
Իշխանությունը պատասխան չունի զոհված տղաների մայրերի հարցերին, դրա համար ձերբակալում է։ Ինչի՞ համար են զոհվել տղաները։
Նաիրա Հայրումյան