Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող Գայանե Մարտիրոսյանի պաշտպանական խումբը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բողոքարկելով կնոջը կալանավորելու մասին դատարանի որոշումը։ Այդ մասին տեղեկացնում է Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։ Մի հատվածի վրա հրավիրեմ Ձեր ուշադրությունը։ Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու (Աշոտին կրկին առևանգելու) հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․ Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։
Այսպիսով Դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Ա․Փաշինյանին և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Ն․Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։
Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, Դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Ն․Փաշինյանը պաշտոնավարում է, քանի որ այդ դեպքում միշտ իրատեսական է, որ Ա․Փաշինյանը կառևանգվի։ Ինքներդ գնահատեք։ Մնացած հանգամանքների մասով, առաջիկայում պաշտպանական խումբը կազմակերպելու է ասուլիս», -իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: