«Կոռնիձորի առաջին խնդիրը պաշտպանությունն է, որը չկա»,-Forrighst.am-ի հետ զրույցում ասում է կոռնիձորցի Բորիկ Խաչատրյանն ու ցույց տալիս գյուղի կենտրոնից՝ անզեն աչքով երևացող թշնամու դիրքերը, առաջ են եկել ու կրակում են։
«Լավ բան չկա, որովհետև խելոք, իմաստուն ղեկավար չունենք։ Ամեն օր մեր գյուղի, Տեղ գյուղի արանքը կարկոցներ են, երեխաները վախենում են։ Գյուղի ծերին թուրքի պոստ կա, մի պոստում`30-40 հոգի, մեր պոստերում էլ` 3-4 հոգի, ո՞նց կարող ենք մեզ պաշտպանված զգալ։ Մեր զինվորները իրենց ձեռքով խրամատ են փորում, անձրևը գալիս է իրենց վրան, թրջվում են։ Թուրքերը թե ինչեր են սարքել․․․ փոքր գյուղ»,-աում է կոռնիձորցին։
Սահմանամերձ Կոռնիձորում ՀՀ իշխանություններից անվտանգային լրջագույն պաշտպանություն են պահանջում, որ կարողանան գոնե հանգիտս քնել։ Սահմանին ուժերն անհավասարաչափ են․ արձանագրել են կոռնիձորցիները։ «Մեզ քիչ զինվոր կա, մի երկու խոխա էս մի կողմ են կանգնում, մի երկուսը՝ էն մի, դա ինչ պաշտպանություն։ Իրենք, թե զենքով, թե զորքով շատ են»,-ասում է Սաիդա Հարությունյանն ու շարունակում․
«Վախենում ենք, որ մի օր թուրքը կմտի գյուղ, դիվերսիա կլինի, մենք չենք քնում։ Եթե մեր ղեկավարները մի քիչ խելոք կառավարեն երկիրը, մենք էլ ծայրամասում մի քիչ խաղաղ կապրենք, բայց չկա խաղաղություն»,-ասում է Սաիդա Հարությունյանը։ Նա չի պատկերացնում, թե ադրբեջանցիների հետ ինչպես են խաղաղ ապրելու։ «Թշնամու հետ խաղաղություն երբեք չի լինի, մենք չենք կարող նրանց հետ հաշտ ու համերաշխ ապրել, մեզ շատ մոտիկ են»։
Բորիս Խաչատրյանը լսել է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ապագա կա, բայց հարցնում է՝ ո՞ւր է ապագան, երբ մարդիկ չեն կարողանում իրենց ընտանիքները պահել։
«Մարդիկ անասունները վաճառել են, ընտանիքներն անասուններով էին պահում, հիմա վաճառել են։ Ջահելներ էլ կան, որ չեն կարողանում ընտանիք կազմեն, որովհետև հետ են նայում, տեսնում են ապագա չկա, չեն կարողանում իրենց կերակրեն, երեխա ո՞նց ունենան։ Վարչապետի համար կա, ժողովրդի կարծիքը հարցրեք՝ կա՞, թե՞՝ չկա, ապագա։ Ով իրեն է ծառայում նրանց համար կա, օրվա հացի փողի կարոտ մարդիկ կան, երեխաները սոված են քնում, ոչ կարողանում են պաշտպանությունը նորմալ կազմակերպեն, ոչ կարողանում են ժողովրդին գործով ապահովեն, մեզ նման ղեկավար պետք չի»,-ասում է նա, իսկ համագյուղացի տիկին Սայիդան հավելում է՝ Կոռնիձորում իրենց նմաններն են մնացել՝ տարեցները, երիտասարդները հերթով գյուղը թողնում են, աշխատանք, ապրելու միջոց չկա։
«Ծերակույտ է մնացել, հողից ամեն ինչ ստեղծում են, ասում են՝ հիմա այգիները չեն կարողանում մշակել, քանի որ հարյուր հեկտարից ավելի այգիները հայտնվել են թշնամու վերահսկողության տակ, վտանգավոր է այնտեղ հասնելը»,-ասում է նա։
86-ամյա Սերյոժա Հարությունյանը իր գյուղի խնդիրների լուծումը պատկերացնում է, եթե պետությունից գողացված միջոցները հետ վերադարձվեն ու մի մասն էլ Կոռնիձորում ներդրվի։
«Մի օբյեկտ չեն շինում, ժողովուրդն աշխատեն, աշխատավարձ ստանան, ընտանիք կազմեն, լոխ փախնում են Երևան, Մոսկվա։ Ծայրամաս գյուղ է, ո՞վ է ստեղի համար մտածում։ Մեր արոտը, մեր հին բաղերը զոնայի տակ ա, կարում չենք ոչ մի անասուն էլ պահենք։ Թալանչիները թալանել են, իրենց թալանած փողերը թող բերեն մի օբյեկտ շինեն, ժողովուրդն աշխատեն, 70-80 տուն թողել գնացել են Երևան ու Մոսկվա։ Պետք է այստեղ շինեն, որ երկիր թիկունքը պինդ լինի։ Պետական փողը տարել են, հարստացել»,-ասում է ծերունին։
«Պետությունը գոնե ոռոգման ջրի խնդիրը լուծի, սածիլները չենք ջրել»,-ասում է Ասատուր Բաղդասարյանը և մտահոգվում՝ շուտով անձրևային մայիսը վերաջանալու է և սկսվի շոգ ամառը,-«Վնասներ ենք կրում, մեր քաշած նեղությունը հեչ է լինում»։
Կոռնիձորցիները լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, լոբի ու այլ բանջարեղններ են աճեցնում, եթե պետությունը դիզվառելիքի հարցում էլ աջակցություն ցուցաբերի, հոգսը կթեթևանա, բայց Ասատուր Բաղդասարյանը չի հիշում նման օգնություն։
«Շատ դժվար է, խնդիրներին լուծում չկա»,-ասում է գյուղի տարեց բնակիչներից՝ 92-ամյա Ելենա Բեջանյանը։ Նա հույս չունի, որ գերտերությունների մայրաքաղաքաներից Կոռնիձոր անվտանգության երաշխիքներ են հասնելու։
«Ճանապարհը սարքեցին, այդքան փողերը ծախսեցին, բայց էլ Ստեփանակերտ մեքենա չի գնում։ Ռուսները թուրքերին են լսում, յոլա ենք գնում։ Ոչ Ամերիկան է խառնվում, ոչ Ֆրանսիան, էս գործերին, Արցախում սոված կոտորվում են»,-ասում է նա։
Անվտանգային ու սոցիալական խնդիրները չեն լինի, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թողնեն, որ Նիկոլ Փաշինյանն աշխատաի, կարծում են որոշ կոռնիձորցիներ։ «Պատերազմում Փաշինյանը մեղք չունի, դրա մասին խոսք չկա։ Քոչարյանի մեղքն է, Սերժի մեղքն է, մենք չենք իմանո՞ւմ Քոչարյանն ով է, Սերժն ո՞վ է, Փաշինյանն ո՞վ է։ Փաշինյանն ուզում է Հայաստանը կարգի բերի, բայց չեն թողնում։ Փաշինյանը վատ ղեկավարի չի, ընդդիմությունը չի թողնում»,-ասում է կոռնիձորցի մի տարեց կին, իսկ հարևաները շարունակում են․
«Ապագա էլ, խաղաղությունն էլ կլինի Կոռնիձորում, եթե ընդդիմությունը չբզզի»,-ասում է մեկ այլ կոռնիձորցի, որը կարծում է, թե Ազգային ժողովում «վեճեր ու փողոցներում ակցիա անող ընդդիմությունը», մի կողմից, իսկ պատերազմը մյուս կողմից չեն թողնում, որ Նիկոլ Փաշինյանը երկրի խնդիրները, ինչպես իրենք ձևակերպում, հերթով լուծի։
«Այս ամենինչն անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծում մեզ համար։ Ընդդիմությունն ակցաիներով չի թողնում, որ հանգիստ ապրենք։ Եթե օգնություն են ուզում թող գան զինվորների կողքին կանգնեն՝ սահմանին, որ երկու ժամի փոխարեն չորս ժամ քնեն, հանգստանան․․․Վարչապետն իր հնարավորության չափով անում է․․․ Շատ լավ էլ ապագա կա, եթե ասեմ չկա գալո՞ւ եմ ձեր տուն, մի սենյակն ինձ ես տալո՞ւ, մնամ։ Հիմա, որ ես ձեզ տանեմ մի քանդված տան մոտ, ասեմ՝ ղեկավարի, դու քանի՞ տարում այդ տունը կշենացնես։ Հինգ տարվա երեք պատերազմական իրավիճակ է, ընդամենը մեկ ու կես տարի է, որ պատերազմ չի եղել»,-զուգահեռաբար նշում էին Փաշինյանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող կոռնիձորցիները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: