Մայիսի 18-ի երեկոյան 21:30-ի շրջանում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին։ Դեպքը տեղի է ունեցել Սպիտակի Իտալական թաղամասի խանութներից մեկի բակում, «Հայփոստի» բաժանմունքի հարևանությամբ։
Forrights.am-ի տեղեկություններով, մի խումբ տղամարդիկ Էդգար Հովհաննիսյանի վրա են հարձակվել Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանի հրահանգով։ Բանն այն է, որ քաղաքապետը օրեր առաջ Սարամեջի համայնքապետ Թամարա Մինասյանից պահանջել է, որ նա հեռանա պաշտոնից, սակայն վերջինը հրաժարվել է կատարել քաղաքապետի հրահանգը, ինչին հետևել է պատիժը։
«Ծեծողներից մեկը մեջքից հարձակվել է Էդգարի վրա և փայտե բիտայով (ծեծանով – Ս․Ս․) հարվածել է գլխին։ Էդգարին ուղեղի ցնցումով ու բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց», — Forrights.am-ին հայտնում է Սպիտակի բնակիչը, որը չի ցանկանում հայտնել իր անունը։
Նա նաև պատմում է՝ Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին՝ նույն քաղաքի բնակիչ, 26-ամյա Գոռ Նիկողոսյանը իր վրա է վերցրել բոլորի մեղքը և գործը «ջրելու» միտում կա։ «Նա ոստիկաններին ասել ա, որ մենակ ա ծեծել, բայց եղել են 20-25 հոգով, մի մասը՝ քաղաքապետարանի աշխատողներ։ Ծեծել են քաղաքապետի հրահանգով» , — ասում է մեր զրուցակից Սպիտակի բնակիչը։
ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին ծեծի մասին տվյալները, սակայն դրանք կտրուկ տարբերվում են մեր աղբյուրի հայտնած տեղեկություններից։ Թե քանի հոգի են եղել ծեծողները, ոստիկանությունից չեն հայտնում։ Պաշտոնապես հաղորդվում է միայն, որ ձերբակալվել է Սպիտակի քաղաքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, որը ըստ տարբեր աղբյուրների, խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել Էդգար Հովհաննիսյանին:
«Դեպքով զբաղվում է քննչականը։ Հաղորդումը ստացել ենք Թամարա Մինասյանից, որ իր ամուսնուն ծեծի են ենթարկել։ Թե ո՞ւմ են կանչել, քանի՞ հոգու, կարող եք ճշտել քննիչներից։ Մենք ունենք միայն հաղորդում։ Հայտնաբերվել է ծեծի ենթարկող քաղաքացին, որը խոստովանել է, որ ինքն է ծեծել։ Այլ մանրամասների չենք տիրապետում», — Forrights.am-ին փոխանցում են ոստիկանության լրատվության վարչությունից։
Այդուհանդերձ, Forrights.am-ի տվյալներով, ծեծողների թվում, բացի քաղաքապետի որդուց, եղել է նաև նրա քրոջ որդին՝ Ալբերտ անունով, որը քաղաքապետարանում աշխատում է որպես գնումների մասնագետ, Լեռնանցք բնակավայրի վարչական ղեկավար Գուրգեն Վարդանյանը, որը քաղաքապետի բաջանաղի որդին է, նաև Սպիտակի քաղաքապետի սանիկը, որը «Վեգա» խանութի աշխատող է, համայնքապետարանի վարորդը, աղբահանության հիմնարկի տնօրենի որդին։
Նկատենք, որ այս քաղաքապետարանը Քաջայր Նիկողոսյանի ընտանեկան ձեռնարկությունն է։
Forrights.am-ը փորձեց զրուցել բոլոր այն անձանց հետ, ում անունները փոխանցել էր մեր աղբյուրը, սակայն նրանք բոլորը հերքում են իրենց մասնակցությունը միջադեպին։ «Սուտ լուրեր են, քաղաքապետարանի աշխատողները ներկա չեն եղել, մենք ներկա չենք եղել, սխալ լուրեր են, նման բան չկա», — ասում է Սպիտակի քաղաքապետի քրոջ որդին՝ գնումների մասնագետ Ալբերտը։
Լեռնանցքի վարչական ղեկավար Գուրգեն Վարդանյանը ևս նույնն է պնդում. «Դեպքի վայրում չեմ եղել։ Սուտ լուրեր են։ Դուք քննի՞չ եք։ Քննիչի հարցեր եք տալիս։ Ես ոչինչից տեղյակ չեմ»։
Զրուցեցինք նաև հանցագործության մասին հաղորդում տված անձի՝ Սպիտակ խոշորացված համայնքի մաս կազմող Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի հետ, որի ամուսնուն, հիշեցնենք, ծեծի են ենթարկել։
—Ինչպե՞ս է հիմա Ձեր ամուսնու ինքնազգացողությունը, ի՞նչ վնասվածքներ նա ունի։
-Մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ ունի, ողնաշարի երկայնքով, ծոծրակի հատվածում։ Սկզբում չուզեցինք գնալ բժշկի, մտածեցինք տանը լավ կզգա իրեն, բայց նրա վիճակը գնալով ավելի էր վատանում։ Անցանք «ԿՏ» հետազոտություն, որով բացահայտեցին ուղեղի ցնցում։ Տուն եկանք, բայց առավոտյան վատացավ, սրտխառնոց, ճնշման բարձրացում ուներ, էլի շտապօգնություն կանչեցինք, տարանք հիվանդանոց։ Հիմա արդեն ուղեղի ցնցումից հետո բարդություններ կան, պետք է ուղարկեն Երևան ՄՌՏ հետազոտության։
-Հնարավո՞ր է, որ մեկ անձը նման վնասվածքներ հասցնի։
-Մի հոգի չի եղել։ Սա փաստ է։ Խմբակային ծեծ է եղել։ Բայց ինքը ոչ մեկի չի տեսել, թիկունքից է եղել հարվածը։ Իմ ամուսինը ոչ մեկի չի ճանաչել, ուշագնաց է եղել։
-Սպիտակի համայնքապետի հետ ի՞նչ հարաբերությունն եր ունեք, կա՞ լարվածություն ձեր հարաբերություններում։
-Համայնքապետի հետ լարվածություն չունեմ, եղել են աշխատանքային բնույթի հարցեր։ Տարաձայնություններ եղել են։ Բայց ոչ այն բնույթի, որ նման քայլի դիմեն։ Եթե ես իմանայի, չէի թողնի, որ նման բանի հասնի։
—Ձեզ ներկայացվե՞լ է աշխատանքից ազատման պահանջ Քաջիկ Նիկողոսյանի կողմից և և եթե եղել է, ապա ե՞րբ։
-Նման դեպք եղել է, օրեր առաջ, բայց անցել է։ Ամեն դեպքում հարթվել է, բնակիչների հետ հանդիպում է եղել, հարթվել է։ Չգիտեմ, դրա հետ կապված է եղել, թե՞ ոչ, ես չեմ կապում դրա հետ․․․ Լուրջ թերացումների դեպքում քաղաքապետը կարող է ազատել վարչական ղեկավարին աշխատանքից, բայց իմ դեպքում չեն եղել թերացումներ։
-Սպիտակում պատմում են, որ Քաջիկ Նիկողոսյանի կողմից ձեր նկատմամբ պահանջ է դրվել, որ դիմում գրեք, հեռանաք, եղե՞լ է նման բան։
-Դե․․․ հա, օրեր առաջ։ Բայց էդ մասին՝ իրա հետ խոսեք։
Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը զբաղված էր, ժամանակ չուներ խոսելի: Forrights.am-ի հարցին, թե Սպիտակում տարածվող լուրերի համաձայն ինքն է կանգնած ծեծի հետևում, արձագանքում է. «Էնպես չի, որ բոլորը մեր լավն են ուզում»։ Խոստացավ՝ կպատասխանի մեր հարցերին, սակայն դրանից հետո այլևս չարձագանքեց հեռախոսազանգերին:
Forrights.am-ի խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև Սպիտակի քաղաքապետի մեկնաբանությունը կատարվածին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: