Այսօր՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի հետ:
Նրան ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և բժշկական փաստաթղթերին:
Նշվում է, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները մայիսի 17-ին՝ զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց էին իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ՁՊՎ-ում հանդիպել Գայանե Մարտիրոսյանի հետ: Արձանագրվել էր, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ, և նա հրաժարվել է սննդի ընդունումից։
Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։
Իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: