Գրեթե 3 տ կոկաինի հայտնաբերումը ցնցել է հայ հասարակությունը, առաջացնելով բազմաթիվ հարցեր․ արդյո՞ք վերջնական կետը Հայաստանն էր, թե՞ այստեղից «բանանն» այլ տեղ պետք է գնար։

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումը։ Մայիսի 16-ին իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։  Նշվում էր, որ  թմրանյութը թաքցրել են 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում։ Ըստ ANSA գործակալության՝ բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և ենթադրաբար վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։ Տարբեր գնահատականներով՝ «ապրանքի» գինը կազմում է 500-800 մլն․ դոլար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

3 տ կոկաինի հայտնաբերումը և ԱՄՆ պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցը

Մայիսի 17-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել են Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի ժ/պ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանում են գտնվում նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչները, որորնք մայիսի 16-ին ՀՀ Քննչական կոմիտեի հետ համագործակցության հուշագիր են ստորագրել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ և Եվրամիությունը մեղադրում են Հայաստանին՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելուն Ռուսաստանին օգնելու մեջ։ Արևմտյան ԶԼՄ-երում ոչ պաշտոնապես Հայաստանին խիստ զգուշացնում էին զերծ մնալ նման գործողություններից, և այդ համատեքստում 3 տ կոկաինի հայտնաբերումը պատահական չի թվում։

Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է ներմուծման բոլոր ճանապարհները, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից թմրամիջոցներ ներմուծելու հնարավորությունը։ 2017-ին աշխարհը ցնցել էր արգենտինական Բուէնոս-Այրեսում Ռուսաստանի դեսպանատանը 400 կգ կոկաինի հայտնաբերումը։ Կոկաինի մի մասը փորձել էին Մոսկվա տեղափոխել դիվանագիտական կանալներով։ Daily Telegraph-ը հայտնել էր, որ թմրանյութը փորձում էին Մոսկվա տեղափոխել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի ինքնաթիռով։

Արդյո՞ք Մոսկվան դիտարկում է Հայաստանը որպես Լատինական Ամերիկայից թմրանյութի տեղափոխման լավ ճանապարհ։ Ի վերջո, Հայաստանի սահմաններին ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահներն են կանգնած։ Եվ արդյո՞ք կոկաինի հայտնաբերումը՝ ԱՄՆ-ի «ակնարկն» է Հայաստանին։

3 տ կոկաինի հայտնաբերումը համընկավ ՀՀ խորհրդարանում թմրամիջոցների հետ կապված քննարկումների հետ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ նման քննարկումներով իշխանությունները փորձում են հող նախապատրաստել թեթև թմրամիջոցների օրինականացման համար։

Մայիսի սկզբին ՀՀ խորհրդարանում քննարկումներ էին ընթանում թմրամիջոցների ապօրինի շրաջանառության աննախադեպ աճը կանխելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան են մեծացել, որ նույնիսկ այդ հարցն ԱԽ նիստում ենք քննարկել ու հանձնարարականներ տվել»:

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։ Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում և հանրապետության նարկոլոգիական ծառայություններում հաշվառված անձանց թիվը կազմել է 7570: 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 7100:

2018-ի իշխանափոխությունից հետո նկատվում է և թմրամիջոցների շրջանառության, և խաղադրույքների աճ։ ԶԼՄ-ներում և սոցցանցերում բազմաթիվ տեղեկություններ կան առ այն, որ իշխանության ներկայացուցիչները թմրամիջոց են օգտագործում, հովանավորում են թմրանյութերի վաճառքն ու բուքմեյքերային «տնտեսությունը»։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկում է պետական մարմինների հետ աշխատանքային պայմանագրերում տող ավելացնել, որ աշխատողը, այդ թվում՝ պատգամավորները, տարվա մեջ 1-2 անգամ անցնեն թմրաթեստ:

Արծվիկ Մինասյանն էլ ասում է, որ «թմրանյութերի տարածումը ունի իշխանական որոշակի հովանավորչություն, կամ հովանավորվում է այդպիսին ներկայացող անձանց կողմից»:

«Ինձ համար շոկ է ԱԺ-ում լսել, որ ՀՀ միջին վիճակագրական խնջույքում թմրամիջոց են օգտագործում»,-  քննարկումների ժամանակ հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ին «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված խուզարկության առնչությամբ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետևյալ դիտարկմանը․ «Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք Հայաստանում եթե նման ռեյդի միջով անցնի, վստահաբար, թմրամիջոցներ ունեցող զանգվածներ ի հայտ կգան»։ Բուռն քննարկումներից հետո խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել էր ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Իսկ ահա մայիսի 17-ին արդեն ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը բացատրել էր, որ արտադրական կանեփի մասին օրենքի ընդունումից ի վեր դաշտում լուրջ տեղաշարժեր չկան, հետևաբար խնդիրը լուծելու համար կառավարությունը ներկայացրել է նախագծերի փաթեթ, որով բիզնեսին խոչընդոտող խնդիրները պետք է լուծվեն:«Գործող օրենսդրությամբ տնտեսավարողներից պահանջվում է անպայման լիցենզավորման փաստաթղթերի հետ մեկտեղ նաև բիզնես ծրագրի ներկայացում: Մեր փորձառությունը ցույց է տվել, որ դրա կարիքը չկա», — նախագիծը ներկայացնելիս ասել էր առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Տնտեսական հարցերի փոխնախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանը, հակառակը, հակված չէր, որ նախագիծը ընդունվի: Նա նշել էր, որ օրենքի նախագծին կողմ չի քվեարկելու, քանի որ այն լրացուցիչ քննարկման կարիք ունի: Իշխանական պատգամավորը առաջարկել էր լիագումար նիստերի ընթացքում նախագիծը հետ տանել առաջին ընթերցում և ևս մեկ ամիս քննարկել:

Հիշեցնենք՝ 2021-ին ընդունված օրենքով Հայաստանում թույլատրվում էին արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը:

«Հիմա, 2 տարի անց, երբ մենք ունենք 1 ընկերություն, որը «ախորժակը կորցրել է» այս բիզնեսի նկատմամբ ու փակվելու մտադրություն էլ ունի, կարիք կա մոդելն ընդհանրապես վերանայելու»,- իր հերթին ասել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest