44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը (Հակոբյան), որը 24 ժամից ավելի է՝ անազատության մեջ է, ձերբակալվածների պահման վայրում, հացադուլ է հայտարարել: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը Forrights.am-ին ասաց, որ Գայանեն երեկ ժամը 15:00-ից սնունդ չի ընդունել, այժմ իրեն թույլ է զգում, ինքնազգացողությունը վատ է:

«Նա պաշտոնապես հացադուլի մեջ է: Միաժամանակ, նշեց, որ ունի առողջական խնդիրներ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների», -Գայանե Մարտիրոսյանի հայտարարությունը փոխանցում է փաստաբանը:

Գայանե Մարտիրոսյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր մայիսի 17-ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկության համաձայն, ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ու պատմել, որ փողոցում, Վերաքննիչ դատարանի դիմաց իրեն են մոտեցել զոհված զինծառայողների ծնողներ: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր,  առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք», -նշվում է մայիսի 17-ին երեկոյան ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նույն օրը երեկոյան ոստիկանության ծառայողները իր տնից նախ բերման էին ենթարկել Գայանե Մարտիրոսյանին, այնուհետև ձերբակալել նրան: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ Գայանեին բռնի ուժով են նստեցրել ոստիկանական մեքենան և տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Սակայն ավելի ուշ փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասել էր, որ ՁՊՎ-ում «առանձնահատուկ հարգանքով են վարվել նրա հետ»:

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «մարդուն առևանգելը»: Աշոտ Փաշինյանը ճանաչվել  տուժող:

Թեպետ իրավապահ մարմինները կատարվածը գնահատում են առևանգում, սակայն Մարտիրոսյանի պաշտպանն ու նրա կողմնակից զոհված զինծառայողների մյուս հարազատները հերքում են այդ վարկածը՝ ընդգծելով, որ Գայանեն պարզապես հրավիրել է Աշոտին իր մեքենա՝ «տղամարդավարի» խոսելու համար:

Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը նույնիսկ երեկ գիշերը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա Աշոտ Փաշինյանին հրավիրում իր մեքենա, իսկ կրտսեր Փաշինյանն էլ չի մերժում, գնում է կնոջ հետևից:

«ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը՝ մարդուն առևանգելը, պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար, որը կատարվել է՝ իր կամքին հակառակ, կամ նրա կամքը անտեսելով, կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով: Այս դեպքում մարդուն առևանգելու հանցակազմ չկա», -ասում է փաստաբանը:

Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացնող Վահան Հովաննիսյանը այսօր պատրաստվում է բողոքարկել կնոջը ձերբակալելու որոշումը: Նրա խոսքով, ձերբակալելու որոշման հիմնավորման մեջ նշվել են ոչ իրավաչափ պայմաններ.

«Ծիծաղելի էին ձերբակալման որոշման մեջ նշված ձերբակալման հիմնավորումները: Օրինակ, որպես հիմնավորում նշվել էր այն, որ Գայանե Մարտիրոսյանը կարող է դիմել փախուստի և նաև այն, որ Գայանե Մարտիրոսյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին: Այս պահին կա խնդիր և պատրաստվում ենք վիճարկել ձերբակալման որոշումը, քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»:

Այսօր առավոտյան հայտարարվել էր, որ Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի միջև առերեսում է տեղի ունենալու, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը այդպես էլ առերեսում տեղի չունեցավ: Նաև՝ մի քանի ժամ շարունակ զոհված զինծառայողների հարազատների հիմնած «Որդիների կանչ» հկ-ի անդամները, Գայանեի հարազատներն ու մի քանի պատգամավորներ ձերբակալվածների պահման վայրի մոտ հաջակցություն ձերբակալված կնոջը, ակցիա էին իրականացնում:

 

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest