ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
ԱԱԾ-ի տեղեկացնում են, որ քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Նկատենք, որ մայիսի 16-ին իտալական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել՝ 2.7 տոննա: Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված է եղել Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: