Քրեակատարողական ծառայությունն արձագանքել է մեր  «Նուբարաշենի» պետի տեղակալները խուզարկության անվան տակ ջարդուփշուր են անում խցերի կահույքն ու հատակը” վերտառությամբ մայիսի 6-ի մեր հրապարակմանը։

Նյութում Forrights.am-ը ներկայացրել էր, թե ինչպես են  «Նուբարաշեն” ՔԿՀ աշխատակիցները խուզարկության նպատակով մտել 4-րդ մասնաշենքի 004 խուց և ջարդուփշուր արել այնտեղ պահվող դատապարտյալների աղքատիկ գույքը։

Այնտեղ  պահվող դատապարտյալներից մեկը՝ Մեխակ Գրիգորյանը պատմել էր, որ անգամ պատերն ու հատակի սալիկները չեն խնայել, սա այն դեպքում, երբ այս կալանավայրի շենքային պայմաններն ամենավատն են ՀՀ-ում, և բերդը երկար տարիներ ի վեր հիմնանորոգման կարիք ունի։

Պատասխանելով Forrights.am-ին, քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին 004 խցում խուզարկություն  է իրականացվել և բջջային հեռախոսներ են հայտնաբերվել։

“ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, ունենալով հստակ տեղեկություններ, որ 004 խցում պահվում են արգելված իրեր, մայիսի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ևս մեկ անգամ խուզարկություն են իրականացրել Ձեր մատնանշած 004 խցում:

Խուզարկության արդյունքում մահճակալներից մեկի վրա դրված սպորտային պայուսակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, նույն խցի մյուս մահճակալի բարձի տակից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:

Հավելեմ նաև, որ ծառայողները մեկ այլ խցի թաքստոցից նույնպես հայտնաբերել են բաժանորդային քարտով բջջային հեռախոս: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ”, — տեղեկացնում է հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հարցին, թե իսկ ինչու վարույթ չեն նախաձեռնում խուցը ջարդուփշուր անելու համար, նա պատասխանեց․ «Փշուր-փշուր չեն արել.. նման բան չկա։ Գույք չեն կոտրել, իրենք չափազանցնում են, քանի որ մտավախություն ունեին,որ իրենց հեռախոսները կգտնեն»։

քԿԾ արձագանքից հետևում է, որ նոր խուզարկությունը 004 խցում իրականացվել է մեր հրապարակումից երկու օր անց, այսինքն՝ մայիսի 8-ին։

Հետևապես ակնհայտ է, որ սա արվել է այս խցի անհնազանդ, բողոքավոր դատապարտյալներին պատժելու համար։

Աշխարհի հետ կապվելու միակ միջոցը՝ բջջային հեռախոսը դատապարտյալի մոտ խուզարկությամբ հայտնաբերելը և դատապարտյալին դրանից զրկելը Հայաստանի կալանավայրերում պատժի ավանդական և հուսալի ձև է։

Վաղուց հայտնի է, և այդ մասին բազմիցս գրվել է, որ բջջայինը կալանավայրում բիզնեսի առարկա է։ Խուզարկությամբ առգրավված բջջային հեռախոսները հետագայում որոշակի մուծումների դիմաց վերադառնում են տերերին, կամ այլ դատապարտյալների։

Թեև վերջին շրջանում պայքարը բջջայինների դեմ ավելի խստացվել է, բայց և այնպես այն  արդյունք չի տալիս, առավել ևս չի արդարացնում դրանք առգրավելու բիրտ եղանակները։ Մեր հրապարակումն էլ ուղղված էր ոչ թե խցերում  պարբերաբար խուզարկություններ իրականացնելու և թաքստոցներից արգելված իրեր հանելու օրինական պրակտիկայի դեմ, այլ դրանց սարսափազդու, վահրագ և ապօրինի եղանակի դեմ, որը երբեք վարույթների առարկա չի դառնում, ավելին՝ խրախուսվում է։

Դատապարտյալ Մեխակ Գրիգորյանը, որը Forrights.am-ի միջոցով բարձրաձայնել էր խնդիրը, նաև դիմել էր Մարդու իրավունքների գրասենյակ, սակայն այնտեղից իրենց պատասխանել են՝ դիմեք ձեր պետին։ «Ասում են՝ գրավոր ներկայա ցրեք։ Էլի գրավոր  ներկայացնենք, բայց օպերատիվ միջամտությւոն է պետք։ Բա չիմանանք, ի՞նչ ա կատարվում։ Ես պետին էլ եմ դիմել, ասում եմ՝ ինչն է պատճառը, ինչու եք մտնում, մեր խուցն ավիրում։ Ասում է՝ լավ եմ անում, տենց ա պետք», — գանգատվել էր Մեխակ Գրիգորյանը։

Մենք ևս զանգահարեցինք ՄԻՊ գրասենյակ, տեղեկանալու համար, թե որքանով է իրավաչափ դատապարտյալին տված պատասխանը և ինչու չեն իրենք արագ և օպերատիվ կարգով հակազդում իրավիճակին։

ՄԻՊ գրասենյակի խոսնակը պատասխանեց․ «Դատապարտյալից զանգ ենք ստացել մայիսի 5-ին։ Նա տեղեկացրել է, որ  նախորդ օրը խցում իրականացված խուզարկության ժամանակ ծառայության աշխատակիցներն իր իրերը վնասել են։ Զանգի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում կատարվել է ուսումնասիրություն բարձրացված խնդրի կապակցությամբ, պարզաբանումներ ենք պահանջել իրավասու պատկան մարմիններից։ Միևնույն  ժամանակ ահազանգ կատարողին առաջարկել ենք գրավոր բողոք ներկայացնել պաշտպանին»։ Գրասենյակից ասել են՝ գնացեք, ձեր պետին ասեք, ինչո՞ւ։ «Ես նման ինֆորմացիա չունեմ», — ասաց  խոսնակը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest