Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: ԱԳՆ-ը կոչ է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը «դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:

Ժամը 06.00-ից ադրբեջանական ուժերը հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կոմղն ունի 4 վիրավոր: Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ։ Այս շաբաթվա վերջին կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպում Բրյուսելում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը այսօր քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և անդրատլանտյան գործընկերությանն առնչվող հարցեր։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը գրել է իր թվիթերյան էջում։ «Հաճելի է խոսել Եվրոպայի խորհրդի նախագահի հետ։ Այսօր քննարկելու ենք Ուկրաինային աջակցության հարցը»,– գրել է նա։

Ռուսաստանը չի թաքցնում խիստ բացասական վերաբերմունքը արեւմտյան միջնորդության նկատմամբ։ Մոսկվան Երեւան է գործուղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։ Նա երեկ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Արմեն Գրիգորյանի հետ։ Հենց նրա այցից հետո Բաքուն կրակ բացեց Սոթքում։

Ռուսաստանը ելնում է նրանից, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի եւ Երեւանի կողմից երկկողմ հիմունքներով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն այլընտրանք չկա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին, Զախարովան նշել է, որ այն հակասում է ադրբեջանական եւ հայկական կողմերի մեկնաբանություններին։

Նկատենք, որ միջադեպը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալուց եւ ԱՊՀ բռնապետների հետ միասին մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելուց հետո։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest