«Երեկ երեկոյան 10-ին խփեցին սարերին՝ փոշի, դուման դուրս եկավ, ես դուրս եկա մտածեցի երկինքն է․․․ Էդ ժամանակ սկսվեց, դադարեց ու առավոտը հինգից սկսվեց»,-Սոթքի բնակչուհի տիկին Վարդուշն այսպես է նկարագրում առավոտյան հինգից ադրբեջանական կողմի սկսած ռազմական սադրանքերը։  Նրա խոսքով՝ կրակոցի և հրետանու ձայները ինտենսիվ են դարձել լուսաբացին։

«Տարբեր ուղղություններով խփում էին, ամենաշատը Սոթքի հանքի վրա էին խփում, գիշերվա հերթափոխը չեն տարել, հանել են հանքից դուրս»,-ասաց Սոթքի բնակիչ։

Սոթքեցիներն ասում են, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, միայն  դիրքերի և ոսկու հանիք ուղղությամբ են եղել։ Այուհանդերձ, 2022 թվականի սեպտեմբերյան մարտռերին ականատես եղած որոշ սոթքեցիներ ապահովության համար գյուղից ժամանակավորապես հեռացել են։ «Զորամասի մոտի թաղերից սաղ երեխեքին հանել են, տարել։ Շատն Աբովյան են գնացել, Մարտունի են գնացել։ Դպրոց չկա, ասում են՝ օնլայն է, գյուղում ոչ մի ձայն չկա»,-ասաց բնակիչը՝ նշելով, որ ոչ իշխանության ներկայացուցիչների են նկատել գյուղում, ոչ էլ Եվրամիության քաղաքացիական դիտորդներին։

«Երեկ գյուղ ֆրանսիական դիտորդներն են եկել, երկու մեքենայով եկան, պտտվեցին, մեզ ոչ մի հարց չտվեցին, գյուղը նկարեցին, գնացին»,-ասաց բնակիչը նշելով, որ որևէ տեղեկություն չունեն և չգիտեն, թե ինչ պետք է անեն։ Կրակոցների պատճառով այսօր նաև գյուղատնտեսական աշխատանքերն են տուժել։

«Առավոտյան ժամը 7:15-ին անասուններին տարանք, բայց չոբանն ասաց, որ պատերազմ է, չեմ տանի արոտի»,-ասոււմ է տիկին Վարդուշը, որը մեզ հետ զրույցի ընթացքում իր տնամերձում կարտոֆիլ էր ցանում։ «Ես հիմա մեր բախչումը կարտոշկա եմ ցանում, ինչ անեմ։ Ես միշտ մնում եմ գյուղում, երբեք դուրս չեմ գալիս»,-ասաց նա։

Նշենք, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն իրականացնում է կիրակի օրը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից առաջ։ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի դիրքերի ուղղությամբ թշնամական կողմը հրետանային և ականանետային միջոցներ է կիրառել, որոնց  հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել։  «Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է հայկական բանակի ադեկվատ և արդյունավետ գործողություններից հետո»,- նշել է ՀՀ վարչապետը։

Ադրբեջանական սադրանքերից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը  հայտնում է չորս վիրավորի մասին, մեկ զոհի և մեկ վիրավորի մասին է տեղեկացնում ադրբեջանական կողմը։ Հայ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest