Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում, որին միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այդ մասին այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,-ասել է նա:
Հարցին, թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, որի վերաբերյալ ամերիկյան կողմը հայտարարվեց Վաշինգտոնում եռակողմ հանդիպումներից հետո, ԱԽ քարտուղարն արձագանքել է. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել և պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ և աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, բանակցություններում առաջընթաց չկա ու բացատրել․ «Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29800 քառակուսի կիլոմետրի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային մեխանիզմի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է։ Տեսեք, նույն այսօրվա դրությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության տառերի պահպանումը չի հաջողվում։ Մեզ համար կարևոր է ունենալ միջազգային երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք այս հարցերը»։
Այնուհետև հավելել է. «Բնականաբար, պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, դա պարտադիր է: Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է այդ պայմաններում: Ինչ վերաբերում է միջազգային երաշխավորների ինստիտուտին, բանակցություններն ընթանում են, և եթե լուծում գտնենք, ապա առաջ կշարժվենք: Այս պահին վերջնական լուծում չկա»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: