Շուշին ընկել է, և դա մեր բոլորի պարտությունն է, ոչ իշխանության, ոչ կոնկրետ ինչ-որ անհատի. դա հայ ժողովրդի և ազգի պարտությունն է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ զրույցում նշել է Քննչկան կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Իհարկե, նախաքննություն է իրականացվել, ամբողջությամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այդ մասով գործը գտնվում է դատաքննության փուլում», -ասել է Քարամյանը։

Հավանաբար, նա նկատի ունի Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի գործը։ Խոսքը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման հետ կապված դրվագներին է վերաբերում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել»։

Պարադոքսն այն է, որ եթե Շուշիի անկման մեջ «իշխանություններն ու անհատները» մեղավոր չեն, ինչպես Քյարամյանն է ասում, ապա ի՞նչի մեջ են մեղադրում Արզումանյանին, որին գողեգող ձեռբակալել են անցած տարվա սեպտեմբերին։

Քյարամյանը նշել է, որ ինքը պատերազմի օրերին որպես կամավոր է եղել Արցախում. «Շատ ուրախ կլինեի, որ շատ-շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին եւ միգուցե այդ պարագայում Շուշին չկորցնեինք», ասել է նա:

Ի՞նչ է ակնարկում Քյարամյանը, որին 2020 թվականի պատերազմից հետո մեղադրում էին 1400 հայախոս ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տրամադրելու, Շուշիի անկման օրը ինկասացիայի մեքենաներով ոսկի և գումար տեղափոխելու։ Ի պատասխան այդ մեղադրանքների Քյարամյանն այն ժամանակ ասել է, որ Շուշիից դուրս է եկել ոչ թե ինկասացիայով, այլ Սեյրան Օհանյանի հետ ոսկեգույն Նիսանով: Օհանյանը հաստատել է, որ իրենք միասին են դուրս եկել Շուշիից։

Արգիշտի Քյարամյանի այսօրվա հայտարարությունը յուրահատուկ խոստովանանք է առ այն, որ Շուշիի հանձնումն եղել է ոչ թե ռազմական թերացումների, դասալքության կամ առանձին գեներալների սխալի, այլ քաղաքական որոշման հետեւանք։

Նաիրա Հայրումյան

Առնչվող հրապարակում- «Միշան մի տոկոս մեղավոր չի». Միքայել Արզումյանյանի դեմ «փուչիկ մեղադրանքը»՝ դռնփակ դատական նիստում

 

Pin It on Pinterest