Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է «օսմանյան բանակի սպաներին եւ ադրբեջանցի եղբայրներին սպանած անձանց հերոսացնող» հուշարձանի տեղադրումը։ «Մենք Թուրքիայի նախագահի հետ քննարկում ենք Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Երեւանում տեղադրվել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձան, որից հետո Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական օդանավերի, այդ թվում վարչապետին սպասարկող օդանավի համար։

Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրոյցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, ԱԽ քարտուղարն ասաց. «Բնականաբար դա Հայաստանի ներքին հարցն է եւ որեւէ մեկն իրավունք չունի այդ հարցերին խառնվելու»:

Հարցին՝ իշխանությունը կհանի՞ արձանը, նա հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում,ես որեւէ բան չունեմ ասելու այդ հարցով»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները ։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ «կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։

Այս ամենը տեղի է ունեցել Վաշինգտոնւմ կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ֆոնին։ Հանդիպմանը Փաշինյանի որոշմամբ մասնակցել է նաեւ Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն ակնհայտ փորձում են ստիպել Հայաստանին պարտվողական «պայմանագրեր» ստորագրել Բաքվի եւ Անկարայի հետ՝ մինչեւ Թուրքիայում՝ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունները։ Սակայն այդ գործընթացը ոչ բացահայտ արգելափակվում է միջազգային ուժերի կողմից։

Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել գահավիժումից 2020 թ․ պատերազմից հետո մեկնարկած հայակործան ռուս-թուրքական գործընթացը եւ ինքն իրեն, քանի որ իր միակ քաղաքական նպատակը հռչակել է «խաղաղության հաստատումը երկրում եւ տարածաշրջանում»։ Մինչ օրս «խաղաղությունը» միակողմանի զիջումներ էր պահանջում Հայաստանի կողմից։ Նման «խաղաղության» վերջը Փաշինյանի վերջը կարող է լինել։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest