Հակոբյանների ընտանիքը 44-օրյա պատերազմում որդուն կորցնելուց հետո պետական մարմինների անտարբերությունից ուշքի չէր գալիս, երբ հիմա էլ արդարության պահանջով դատական նիստերն են հետաձգվում:
26-ամյա Գոռ Հակոբյանը Վաղարշապատի հայտնի «Քիմիկների խմբի» զինծառայողներից էր, երբ 2020-ի հոկտեմբերի 20-ին նրան 61 զինծառայողներից բաղկացած խմբի հետ ավտոբուսներով տանում են Կովսական (Զանգելան)՝ այն ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով:
Հոկտեմբերի 21-ից արդեն Գոռի հետ կապը կտրվել է: Դատարանում քննվող քրեական գործի նյութերի համաձայն, Գեներալ Անդրանիկ Մակարյանը այս խմբին հավաքել է Կապանի զորամասում ու հրահանգել «սանրել» Կովսական մտած 12-15 հոգանոց ադրբեջանական խմբին։ Նաև նշել է, որ ինքը նույնպես անձամբ մասնակցելու է գործողությանը։ Սակայն արդեն նշված վայրում են 62 հայ զինծառայողները պարզել, որ իրենց 500-ից ավելի ադրբեջանական խումբ է սպասում։
2020-ի հոկտեմբերի 20-ի առավոտյան «Քիմիկների» զորամասի հրամանատար, փոխգնդապետ այժմ ամբաստանյալ Արսեն Աբգարյանի ուղեկցությամբ, երեք ավտոբուսով այդ 62 զինծառայողները շարժվել են դեպի Կովսական։ Ժամը 07։00 սահմաններում խումբը հասնում է Կովսականի սկիզբ, սակայն տեղի դպրոցից 500-600 մետրի վրա հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ։ Սկսել է անհավասար մարտ, և հակառակորդը, ունենալով թվային և տեխնիկական միջոցների առավելություն, աստիճանաբար նրանց առել է օղակի մեջ։ Փաստացի, մարտի մեջ բռնված 62 հոգանոց անձնակազմից միայն 22 զինծառայողի է հաջողվել դուրս գալ, իսկ 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, մնացած 30-ից ավելին կամ անհայտ կորած են համարվում, կամ զոհվել են։
«Հոկտեմբերի 22-ին գնացինք «քիմիկների» զորամաս, տղաների ծնողների մի մասն արդեն ընդեղ էր, փնտրում էին իրանց երեխեքին: Մեզ հրամանատար Աբգարյանը ասեց՝ տղաները գնացել են Զանգելան, ընգել են պլեն: Մենք էլ ասում ենք՝ դու պըտի հետները ըլնեիր, բա ինչի՞ իրանց հետ չես, հրամանատարն ես: Պարզվում ա՝ ինքն իրանց հետ չի եղել», -Forrights.am-ին պատմում է Գոռի հայրը՝ 51-ամյա Աբրահամ Հակոբյանը:
Այդ մարտի պահին գերի ընկած ու հետո վերադարձված զինծառայողներից որևէ մեկը, ըստ Հակոբյանի, չի խոսում դեպքի մասին, չի ներկայացնում՝ ինչ հանգամանքներում է ծագել մարտը, ինչպե՞ս են կարողացել փրկվել 22 զինծառայողները և արդյոք փրկվե՞լ են, թե փախչել:
«Բերանները փակել են, ոչ մեկ, ոչ մի բան չի ասում: Որ գերությունից եկան, սկզբում ուրիշ բան էին խոսում, հետո արդեն փոխեցին իրանց խոսքը, էլ չէին խոսում», -նշում է որդուն կորցրած հայրը:
Արդեն պատերազմից հետո «Քիմիկների խմբի» զինծառայողների հարազատները փորձել են գնալ Կովսական, գտնել իրենց որդիների դիերը, սակայն եղանակային պայմանները նպաստավոր չեն եղել: Հաջորդ փորձն եղել է 2021-ի հունվարին: Աբրահամ Հակոբյանը պատմում է, որ գնացել են, ադրբեջանական կողմի հետ բանակցել, ստացել են թույլտվություն, փորել են մարտական գործողությունների տարածքը ու հայտնաբերված դիերի մասունքները 14 պարկերով տեղափոխել Հայաստանի դիահերձարաններ:
Ասում է՝ հանձնել է ԴՆԹ անալիզ և իրենց Երևանի դիահերձարանում տվել են ծնոտ, թև, կրծքավանդակի մի հատված և երեք ոտք. «Մայիսին զանգեցին ասեցին՝ ԴՆԹ-ն բռնել ա, եկեք մասունքները տարեք: Գնացինք, որ պտի լվացած պատրաստ լինեին մասունքները, էդ էլ չէին արել, բացել ենք տվել, իրանք լվացել են: Բացեցինք տոպրակը, տեսանք երեք ոտք ա, ասեցինք՝ էս ի՞նչ եք տալիս, մարդը երեք հատ ծունկ ունի՞: Ու որ տարան լվացելու, մեկը պահեցին, ասեցին՝ էս ձերը չի: Բա որ մերը չի ինչի՞ էիք տալիս»:
Պատկան մարմինների նման անփույթ վերաբերմունքը Հակոբյաններին ստիպում է չհավատալ նույնականացման արդյունքներին: «Չգիտեմ, ես մինչև հիմա սպասում եմ, որ իմ Գոռը կզանգի», -ասում է Գոռի տատիկը՝ 71-ամյա Սուսաննա Թաթոյանը:
Աբրահամ Հակոբյանի խոսքով, «քիմիկների խմբին» պատերազմ, բուն մարտական գործողությունների վայր իրավունք չունեին տանելու, բայց անտեսելով կարգը, տարել են: Ընդ որում, ըստ նրա, «քիմիկները» չեն ունեցել զրահաբաճկոն, պատշաճ զենք-զինամթերքով էլ զինված չեն եղել: «Նրանք պետք է ստուգեին քիմիական նյութերի առկայությունը, վնասազերծեին տարածքները քիմիական նյութերից: Նրանց անելիքը պատերազմում դա էր», -ասում է հայրը:
Այս քրեական վարույթի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը, «Քիմիկների զորամասի» հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Արմեն Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։ Դատավարությունն ընդհատվել է, քանի որ ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը հղի է եղել և բժշկական տեղեկանքի համաձայն, գտնվում է հետծննդաբերական շրջանում ու չի կարող մասնակցել նիստերին։ Այդ կապակցությամբ դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ որոշել է երկարատև ընդմիջում հայտարարել։
«Քիմիկների խմբի» հրամանատար Արսեն Աբգարյանը պատերազմից հետո այցելել է Հակոբյաններին, նրանց Ավետարան տվել: Այդուհանդերձ, այս ընտանիքի համար վիրավորական է հրամանատարի վարքագիծը. «Ինքը կարար չթաքցներ ինֆորմացիան, չի խոսում, շատ բան ա թաքցնում, թե ինչի՞ց ա վախենում, չեմ հասկանում»:
Հասմիկ Համբարձումյան
Առնչվող հրապարակում- «Քիմիկների» զորամասի գործը՝ փակուղում․ Ինչպես է գերեվարվել 5 զինծառայող, անհայտ կորած համարվում 30-ից ավելին
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: