Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը իրեն հող հանձնելու մեջ մեղադրող արցախցիներից մեկին հակադարձում է՝ հողը դուք եք հանձնել, որ եկել ապրում եք Պրահայում: Եթե անկեղծ, ես համաձայն եմ վարչապետի հետ: Իսկապես, ինչո՞վ այդ արածը հող հանձնել չէ:
Բայց նախ եթե այդ մարդը չարտագաղթեր, Փաշինյանն իշխանության երեսը չէր տեսնի: Այսինքն, ամեն արտագաղթ երկրի դիմադրողականության անկում է, մարդիկ հեռացել են կոռուպցիայի, կեղծիքների և այլ անօրինականությունների պատճառով, որոնք էլ սնել են իշխանություն վերցնելու Փաշինյանի վճռականությունը: Այսինքն, այդ մարդը, որը Փաշինյանին մեղադրում է հող հանձնելու մեջ, երկրից գնացել է, որ ապրի:
Հիմա Փաշինյանը նրան ակնարկում է, որ գոնե հիմա վերադառնա: բայց հիմա էլ վիճակն ավելի լավ չէ: Այսօր ապրում է Փաշինյանը ու նրա թիմը: Մյուսները կրկին արտագաղթում են: Ահագին մարդ էլ մնացել է, հողը կրկին չի՞ հանձնվում: Իհարկե, հանձնվում է: Փաշինյանն այդ մարդուն մեղադրելով, Պրահայում «կրակել» է իր վրա: Կրակել է, որովհետև ոչ մնալով է, ոչ էլ գնալով, ադրբեջանցին հողը վերցնում է, երբ ուզում է:
Երրորդ, հողը արցախցու այնտեղ ապրելով չի հանձնվել: Հողը հանձնվել է, որովհետև 20 տարի Հայաստանի և Արցախի իշխանությունները թալանել են բանակի փողը: Արցախում ապրելով այդ մարդը սոսկ լեգիտիմացնում էր թալանը, որովհետև եթե բողոքեր, գլխին կտային, նա Փաշինյանի աղմկարար ձայնը չունի, որ լսելի լինի ամբողջ աշխարհին: Հետևաբար, նաև այս կտրվածքով պետք չէր այդ մարդուն մեղադրել հող հանձնելու մեջ, թեպետ, կրկնում եմ, իսկապես, հողը հանձնում են նրանք, որոնք լքում են այդ հողը:
Չորրորդ, եթե հիմա Արցախի ժողովրդական նկարիչը վերադառնա Արցախ, նրա հողը կվերադառնա՞ իրեն: Հիմա էլ են Արցախում ապրում մարդիկ ու Փաշինյանը պաշտոնապես է ասել, որ նրանց հողը պահողը Հայաստանը չէ, այլ՝ Ռուսաստանը: Իսկ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչպես է պահում այդ հողը: Հինգերորդ, գրեթե ամեն օր Հայաստանի իշխանությունները ակնարկում են էսկալացիայի վտանգի մասին: Ինչու՞: Որովհետև էսկալացիայի դեպքում հակադարձելու շատ բան չունեն, թեպետ Հայաստանում ապրում է 2,5 միլիոնից ավելի մարդ: Այսինքն, ո՞րն է մնալու ու գնալու տարբերությունը:
Ես գնացողներին երբեք չեմ արդարացնելու: Բայց անձամբ ես չեմ դատապարտելու նրանց: Որովհետև նրանց այս հողի վրա արարելու ոչ մի գործիք չեմ տալու: Իհարկե, եթե բոլորը գնան, նրանք ինքնին, հենց դրանով արժեզրկելու են Հայաստանի Հանրապետության կամ Արցախի գոյությունը: Բայց գնալը դատապարտելու իրավունքը նրանն է, ով ամեն ինչ է արել, որ նրանք չգնան: Ինչո՞վ է ինչ-որ մեկի այստեղ ապրելը տարբերվում այդ արցախցի նկարչի այստեղ չապրելուց:
Հետևաբար, Պրահայում Փաշինյանը չպետք է շարքային հային մեղադրեր դավաճանության մեջ: Որովհետև այստեղ ապրող միլիոնավոր նույնքան շարքային հայերի կյանքը հաստատ այդ մեկի կյանքից լավը չէ, այդ միլիոնավորներից տասնյակ հազարներն էլ հաստատ մասնակցում են ամերիկյան «Գրին Քարտ»-երի խաղարկությանը: Նրանք վաղվա դավաճաններն են, չէ՞: Բայց նրանք Փաշինյանի իշխանության դաշտում են «դավաճան», ի տարբերություն արցախցի այդ նկարչի: Նրանց մասին ի՞նչ կասի Փաշինյանը, որի ղեկավարած երկրում ապրելուց ուղղակի շնչահեղձ ես լինում:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: