Տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին Պաշտպանության նախարարության նոր հայեցակարգը թվաքանակ ապահովելու խնդիր է լուծում։ Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Մինչ այժմ Պաշտպանության նախարարության ներկայացրած հայեցակարգերն ու բարեփոխումների մասին նախաձռնությունները ուղղված են Զինված ուժերում թվաքանակ լրացնելուն, ամենաթարմ օրինակը՝ կանանց ծառայության մասին նախաձեռնությունն է», -Forrights.am-ին ասում է Սաքունցը։

Նոր նախաձեռնության մասին մայիսի 3-ին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ խոսել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ նախարարի, Տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգը ենթադրում է, որ աշխարհազորի հետ ընդհանուր պատրաստվածության մեջ ներգրավվելու է նաև Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, որոնք ինչ-ինչ բերումով՝ կրթության,  աշխատանքի, օրենսդրության թույլտվությամբ ազատվել են բանակից: Նրանց համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, հնարավորություն կլինի պատրաստվել, տիրապետել զենքին և անհրաժեշտության դեպքում պիտանի լինել սեփական հայրենիքի պաշտպանությանը։

«ՀՀ կառավարությունն այսօր ամեն ինչ անում է, որ պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի, տեղայնացվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք  իրականացնի երկրի պաշտպանությունը՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելիս», -հայտարարել է նախարարը։

Իրավապաշտպանը հակադարձում է՝ մարդիկ էլ կան, մարդիկ, ովքեր առողջական խնդիրների, ընտանեկան հանգամանքների հիմքով են ազատվել բանակում ծառայությունից։ «Եթե մենք պատճառների վերանայման մոտեցումն ունենք, ապա էլի մնում ենք Զինված ուժերը թվաքանակով ապահովելու տրամաբանության մեջ», -նշում է նա։

Մինչդեռ, ըստ Սաքունցի, երկրի սահմանների պաշտպանությունը չպետք է պայմանավորված լինի բանակում մարդկանց թվաքանակով, այլ շեշտը պետք է դրվի որակի, կարողությունների զարգացման և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու վրա։

«Մեզ մոտ շեշտադրումն արվում է քանակի վրա և անտեսվում է գիտատեխնիկական, տնտեսական, ֆինանսական, կառավարման բոլոր կոմպոնենտներն անտեսվում է։ 44-օրյա պատերազմի դեպքերը ցույց են տալիս, որ մեր բանակը վատ կառավարման խնդիր է ունեցել։ Օրինակ՝ Ուկրաինայի բանակը ձևավորվել է որակի ու կարողությունների զարգացման սկզբունքով, ինչն էլ եղել է հաջողության հասնելու հիմնական միջոցը։ Այսինքն՝ համակարգը այնպիսին էր, որի հիման վրա աջակցությունը, ներդրումները արդյունք ունեցան։ Իսկ թվաքանակի դեպքում արդյունավետությունը եչաշխավորված լինել չի կարող։ Զինված ուժերի մարտունակությունը թվաքանակով չպետք է պայմանավորված լինի», -նշում է Սաքունցը։

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ նաև սոցիալական արդարության խնդիր է լուծվում՝ ժամանակին գուցե գումարով ազատված քաղաքացին կարող է լրացնել բացը, իրավապաշտպանն արձագանքում է․ «Գիտեք, ես մինչև հիմա չտեսա որևէ դեպք, երբ նախկինում ենթադրյալ գումարով կամ հովանավորչությամբ ծառայությունից խուսափած որևէ անձ պատասխանատվության ենթարկված լինի։ Չեմ կարծում, թե արդեն իսկ անհաջողության մատնված մոտեցումների հիման վրա պետք է շարունակել զինված ուժերի բարեփոխումը»։

 

Հասմիկ Համբարձումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest