Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի՝ մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունների եզրափակիչ փուլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտից։

Մայիսի 3-ին կայացել է արտգործնախարարների հանդիպումը նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Բանակցությունների ժամկետը հատկանշական է․ մայիսի 14-ին Թուրքիայում ընտրություններ են սպասվում, նույն օրերին Ուկրաինան հակահարձակում է նախապատրաստվում ռուսական զորքերի դեմ։ Կրեմլն հայտարարել է դրոնային հարձակման մասին։

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն հայտարարեց, որ Մոսկվայում «օրերս» նախատեսվում են Երեւանի եւ Բաքվի արտգործնախարարների հանդիպումը։ Ընդ որում, խոսք էր գնում Եռակողմ ձոաչափով ձեռք բերված՝ «Լավրովի պլանին» համապատասխան «պայմանագրի» նախաստորագրում։

Եւ հանկարծ ազդարարվեց հանդիպում Վաշինգթոնում, ինչը շատ նման է Մոսկվայի հնարավոր հանդիպումը եւ պայմանագրի ստորագրումը կանխելուն։ Վաշինգտոնյան հանդիպումների բովանդակության մասին չի խոսվում, սակայն կարելի է ենթադրել, որ դա նույն «Լավրովի պլանը» չէ, որն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում։

«Ադրբեջանա-հայկական հայտնի բանակցություններն անցկացվում են այլ երկրի մասնակցությամբ, այլ ոչ թե Ռուսաստանի։ Համապատասխանաբար, այդ բանակցությունների գործընթացից անհրաժեշտ է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից», — հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հեռանկարներին, մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունն այդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Հանդիպման օրը կհայտնենք ավելի ուշ», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Կարթագենը /Ռուսաստանը/ պետք է կործանվի այն չպիտի խառնվի հետխորհրդային երկրների գործերին

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը շեշտել է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղությանը հասնելու համար։ Դա նշանակում է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ճանաչել Մոսկվայի միջնորդությամբ հնարավոր «եռակողմ» համաձայնությունը։ Այդ համաձայնության են կողմ բոլորը․ Մոսկվան, Բաքուն, Երեւանը, բայց ակնհայտ է, որ այն չի կայանա առանց ԱՄՆ-ի։

Երեկ ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձևաչափով: «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ արեւմուտքից առաջարկ չենք ստացել, «Ռուսաստանից ստացել ենք եւ ընդունել»։

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ասել է Իլհամ Ալիեւը օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ «Եվ կարեւորն այն է, որ Հայաստանն այժմ ավելի բաց է, քան Արեւմուտքում Հայաստանի որոշ բարեկամներ, ինչը խոսում է նրա փաստացի ճանաչման մասին»,-նշել է Ալիեւը։

Կողմերը տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Միրզոյանը Վաշինգտոնում ներկայացնում է հետեւյալ դիրքորոշումը․ «Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում», — ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում շեշտում է, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։

«Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։ Սակայն, այո, խնդիրն այն է, որ այս ամենի շուրջ նա չունի լայն միջազգային հանրության համաձայնություն։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել։

1992 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանը, ճանաչված լինելով ընդամենը մի քանի պետությունների կողմից, Հայաստանի հետ նույն օրն անդամագրվեց ԵԱՀԽ-ին։ Այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։ Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն։

Միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։ Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս։

նախախորհրդային այդ ժամանակաշրջանում նույնպես Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն համարվում էր որպես վիճելի տարածք՝ պաշտոնապես ընդունված Ազգերի Լիգայի կողմից: Ուշագրավ է նաև, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի լայն սահմաններ ուներ, և ԽՍՀՄ կազմում գոյության առաջին տարիներին նույնիսկ ընդհանուր սահման է ունեցել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ:

Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել այդ փաստաթղթով։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ», ասել է Արային Հարությունյանը։

Ինքնին բանակցությունները վկայում են, որ Արցախի հարցը կլուծվի աշխարհաքաղաքական մակարդակով

Միջազգային հանրությունը պետք է հետևողական լինի կանխելու ադրբեջանական նոր ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ ապառազմականացնելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող նշված տարածքները, ասել է Արայիկ Հարությունյանը: Նա նկատի ունի առաջին հերթին այն, որ որոշ երկրներ, ենթադրաբար՝ Իսրաելը Արցախի օկուպացված տարածքները վերածել են հակաիրանյան պլացդարմի։

«Արցախն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ միջազգային հանրությունը՝ պաշտպանելու պարտականություն։ Միջազգային հանրությունն էլ պետք է որոշի, թե ինչպես կարող է պաշտպանել Արցախի ժողովրդին՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհո՞վ, թե՞ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ», ասել է Արցախի նախագահը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետդեպից ընդգծել են, որ Հայաստանին և Ադրբեջանին խնդրել են Վաշինգտոնում ընթացող բանակցությունների շրջանակներում դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

«Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնագրի, որը երկարակյաց է, կայուն և խաղաղության հիմքեր է դնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցը կենտրոնական դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Ապահովելը, որպեսզի այդ բնակչությունը կարողանա իրեն անվտանգ զգալ իր տանը և որ նրա իրավունքները պաշտպանված լինեն, միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը, որը շատ երկար է տևել և չափազանց շատ կյանքեր է խլել։ Մենք կողմերին խնդրել ենք դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել են Պետդեպից։

Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն։

Ադրբեջանի նախագահը վերստին հայտարարել է, թե խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է, նաև սպառնացել, որ եթե Հայաստանը «կառուցողական մոտեցում» չցուցաբերի, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի։

Նա նշել է, որ հայկական կողմն ի վերջո իր պատասխանը ներկայացրել է «Վաշինգտոնի հանդիպումից մեկ շաբաթ առաջ», «քանի որ հասկացել են, որ առանց դրա Վաշինգտոնում հանդիպումը բացարձակապես անօգուտ կլիներ»: Ալիևը հավելել է նաև, որ Երևանի ներկայացրած պատասխանում Բաքուն «կրկին ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել․

«Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները կտան եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց», — ասել է Ալիևը:

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest