«Հանրային ձայն» կուսակցության համանախագահ, փաստաբան, իրավապաշտպան Արտակ Գալստյանը արդեն մեկ  շաբաթից ավելի կալանքի տակ է։

Գալստյանի փաստաբանները և կուսակիցները ամեն օր ահազանգում են, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Երևան քաղաքի քննչական վարչությունում նա ծեծի, խոշտանգումների և կտտանքների է ենթարկվում հատուկ սարքերի միջոցով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Սակայն  դատախազությունը, որը նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինն է, դեռևս չի ստուգել փաստերը։

Գլխավոր դատախազ Աննա Դանիբեկյանը երեկ Ազգային ժողովում, դատախազության 2022 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատասխանելով ԱԺ պատգամավոր Արծվիկ  Մինասյանի հարցերին ասաց․ «Այս մասով որևէ գնահատական հնչեցնել չեմ կարող, որովհետև մի քանի օր առաջ ուղարկված հաղորդում է, որը պետք է ստուգվի»։

Նա հայտնեց նաև, որ Արտակ Գալստյանի վերաբերյալ փաստաբանի հաղորդումը ուղարկվել է Ազգային Անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն։

Հիշեցնենք՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը կալանքի տակ է ապրիլի 17-ից։ Նրան և կուսակցության համանախագահ, նախկին ոստիկան, ոստիկանության մայոր, ներկայում արտերկրում բնակվող Վարդան Ղուկասյանին՝ Դոգ մականունով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մեղադրանք է ներկայացվել 46 դրվագով։ Գործով ևս  մեկ կալանավորված անձ կա՝ Արման Մկրտումյանը։

Իսկ հանցագործության մասին հաղորդումները տվել են գործարար Տիգրան Արզաքանցյանը և «Դիվա» գիշերային ակումբի տնօրենը, հայտնելով, որ իրենցից ահռելի գումարներ են պահանջվել «Հանրային ձայն» հաղորդման ընթացքում վարկաբեկող տեղեկություններ չհրապարակելու դիմաց։

Վարդան Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ հերքել է շորթման մեղադրանքները։ Նա գրեթե ամենօրյա ռեժիմով եթեր է մտնում և պարբերաբար հայտարարում է, դրանք հերյուրանքներ են և որևէ ապացույց քննչականը չունի, որ հաղորդում ստանալուց հետո ամիսներ են անցել, սակայն ոչ ինքը, ոչ էլ Արտակ Գալստյանը ոչ մի զանգ չեն ստացել քննիչներից, ոչ մի փորձ ճշտելու Տիգրան Արզաքանցյանից ստացած տեղեկատվությունը չի ձեռնարկվել։

Ըստ Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, քանի որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում նա էր լինելու «Հանրային ձայն» կուսակցության թեկնածուն։

Փաստաբան, քաղաքական գործիչ  Արտակ Գալստյանի իրավունքների խախտումը սկսվել է ձերբակալության պահից, երբ կարմիր բերետավորները անհարկի ֆիզիկական ուժ գործադրելով և նսեմացնելով արժանապատվությունը՝ նրան կռացած վիճակում, ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին որպես վտանգավոր հանցագործի։  Կալանքի քննության ժամանակ՝ դատարանում, Արտակ Գալստյանը հայտարարել է, որ ձերբակալությունից հետո նրան 3-4 ժամ պահել են ձեռնաշղթաներով, թույլ չեն տվել ջուր խմել, ասելով, որ ջուր չկա, թույլ չեն տվել օգտվել զուգարանից։ Դատարանն իրավունքի խախտման մասին հայտարարությունները չի արձանագրել։

Մի քանի օր Արտակ Գալստյանը զրկված էր փաստաբան ունենալու իրավունքից։ Նրա փաստաբանների ներգրավումն արհեստականորեն ձգձգումում էին, նրանց թույլ չէին տալիս հանդիպել Արտակ Գալստյանի հետ։

Ապա համացանցում հայտնվեց Արտակ Գալստյանի նամակը, որում մանրամասն նկարագրված են ծեծի, խոշտանգման դրվագներ, որտեղ Արտակ Գալստյանը հայտնում է իրեն ծեծող, հայհոյող, կտտանքների ենթարկ քննիչների անունները, ինչպես նաև տեղեկացնում է, որ քննչական կոմիտեի նախագահն իրեն անձամբ հանդիպել է և ասել է․ «Դոգի ամեն մի խոսքի համար պատասխան ես տալու»։

Ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանը իր «Հանրային ձայն» ինտերնետ-հաղորդման ընթացքում որպես բլոգեր շաբաթը երեք օր անդրադառնում է Հայաստանում տիրող իրավիճակին, քննադատական ելույթներ է ունենում հայսատանյան բարձրաստիճան իրավապահների վերաբերյալ, խոսքում օգտագործելով հայհոյանքներ, ոչ նորմատիվային լեքսիկա պետական, քաղաքական, հասարակական տարբեր գործիչների հասցեին։

Նախկին ոստիկանը ապօրինությունների դեմ պայքարելու յուրօրինակ գործիք է գտել՝ հայհոյանքը, որը դեռ որոշ ազդեցություն ունի Հայաստանում։ Փաստորեն, խոշտանգման ենթարկելով Արտակ Գալստյանին, Արգիշտի Քյարամյանը վրեժխնդիր է լինում նրանից իր կուսակցի գործողությունների համար։

Սա անգամ տղայական «ռազբորկա» չի կարելի համարել, քանի որ վերջինս ենթադրում է պատասխան ստանալ վիրավորանք հասցնողից, ոչ թե երրորդ անձից։

Փաստաբաններից Արսեն Մկիրտչյանը անմիջապես խոշտանգումից հետո գնացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ մեկուսարան, որտեղ պահվում է Գալստյանը, և անձամբ տեսել էր, թե ինչ վնասվածքներ ունի Արտակ Գալստյանը։

«Մարմնական վնասվածքներ ունի, վնասված է աչքը, հեմատոմա է, շրթունքներին՝ պատռվածքներ, մարմնի վրա կան քերծվածքներ, կապտուկներ և այտուցվածություններ կան, և քանի որ կանգնել են նաև կոկորդին, կա կարմրածություն», — ասել է նա։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախկին  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Դոգի հիմնական թիրախներն են։ Ստացվում է՝ նա հայհոյում է, իսկ պատասխան է տալիս Արտակ Գալստյանը։

Forrights.am-ի հարցերին պատասխանելով, Արտակ Գալստյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է․ «Արտակ Գալստյանի եւ Արման Մկրտումյանի հանդեպ իրականացվում է տոտալ խոշտանգում, իսկ Վարդան Ղուկասյանի հանդեպ՝ քաղաքական հաշվեհարդար»։

Նա այսօր տեղեկացվել է գլխավոր դատախազության կողմից, որ Արտակ Գալստյանի ներկայացրած հանցագործության  մասին հաղորդումը խոշտանգման վերաբերյալ ուսումնասիրվել է։ «Քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար 2023 թվականի մայիսի 2-ին դատախազության կողմից այն ուղարկվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչություն», — ասաց փաստաբանը։

Ավելի վաղ նա բարձրաձայնել էր, որ  նման բռնություններ անգամ 90-ականներին չեն եղել։

«90-ականներին վատագույն դեպքում իրավապաշտպանները բարձրաձայնում էին , որ ոստիկանության օպերլիազորներն են նման գործողություններ իրականացնում։ Բայց երբ գործը հասնում էր քննիչին, բացառվում էր, որ քննիչի կողմից տեղի ունենային  բռնություններ։ Ես դա չեմ տեսել։ Ցավոք, այսօր այդ նախադեպը եղավ Արտակ Գալստյանի մասով։ Արձանագրեմ, որ բռնություններն այդ ֆորմատով չպետք է տեղի ունենան Հայաստանի Հանրապետությունում։ Երբ անձը հանդիսանալով քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, հասարակական գործիչ, կատարել է հանցագործություն, նա մաքսիմալ պատասխանատվության պետք է ենթարկվի,  որովետև նման անձինք ավելի օրինապաշտ պետք է լինեն, քան թե շարքային քաղաքացիները։ Բայց երբ անձի նկատմամբ առևրեևույթ քրեական վարույթ է հարուցված, բայց տակը դրվում է այլ բան, տվյալ դեպքում փորձ է արվում կոտրել քաղաքական գործչին, կամ լռեցնել , կամ կասեցնել նրա գործունեությունը, սա արդեն անթուլատրելի է։ Այստեղ Արտակ Գալստյանի, կամ Վարդան Ղուկասյանի հարցը չէ։ Եթե մեղավոր են, թող պատասխանատվության ենթարկեն, նրանց փորձում են լռեցնել, ինչը անթուլատրելի է», — ասում է փաստաբանը։

Հ․ Գ․ Գործով կալանավորված Արման Մկրտումյանը մինչ օրս չունի պաշտպան։ Նա արդեն 17 օր է, մեկուսարանում է, սակայն վարույթն իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի ներգրավում փաստաբանի։ Արման Մկրտումյանը, որն այս պահին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է, փաստացի զրկված է պաշտպանության իրավունքից։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest