Միացյալ Նահանգները հիասթափված է Թուրքիայի որոշմամբ՝ կասեցնել իր օդային տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը, մեր կարծիքով, ոչ միայն կարևոր կլիներ երկու երկրների համար, այլև օգտակար՝ ամբողջ տարածաշրջանում կայունության համար», — երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Մենք հիասթափված ենք հայկական ավիաընկերություններին իր տարածքով թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին Թուրքիայի հայտարարությունից: Օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին ավելի վաղ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը վստահության ամրապնդման կարևոր գործիք էր՝ ոչ միայն այդ երկու երկրների միջև, այլև, կրկին, ավելի լայն առումով՝ տարածաշրջանային կայունության համար», — շեշտել է Պատելը:

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը, ինչպես նաև բացել տրանսպորտային կապերը», — ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest