2023 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ին, ժամը 1-ի սահմաններում «Պոլիգրաֆ» ակումբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ներխուժման և ակումբի աշխատակիցների ու այցելուների նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ գործողությունների, մասնավորապես խոշտանգման, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեբանական բռնության փաստի առթիվ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ խստորեն դատապարտելով ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող գործողությունները։
Հետևողականորեն զբաղվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների նման ամենաթող վարքագծի դեմ անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ արձանագրում ենք, որ պետական մյուս իրավասու մարմինները՝ դատախազությունը և քննչական մարմինները, համարժեք և անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում մարդու բացարձակ իրավունքի խախտման փաստով քննություն իրականացնելու համար։
Մասնավորապես, «Պոլիգրաֆ» ակումբի նկատմամբ հարուցված քրեական գործով ոստիկանության գործողություններից տուժած անձինք առ այսօր չունեն տուժողի իրավական կարգավիճակ, իսկ ոստիկանության կողմից վերջիններիս պատճառված ֆիզիկական բռնության և վնասվածքների փաստը հաստատելու համար առ այսօր գործին մասնակցող անձանց մեծ մասը դատաբժշկական փորձաքննության չի ներկայացվել, մյուսները ներկայացվել են դեպքից շուրջ մեկ շաբաթ անց, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մասին հաղորդումը Կազմակերպության կողմից ներկայացվել է 27․04․2023թ․-ին՝ մեզ դիմած քաղաքացու դիմումի հիման վրա։
Կազմակերպությունը հայտարարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, անտեսելով ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգման ենթարկված անձանց իրավունքների անհապաղ պաշտպանության անհրաժեշտությունը, օրենքով սահմանված կարգով առերևույթ հանցանքի մասին վկայող հաղորդման հիման վրա 24 ժամվա ընթացքում քրեական վարույթ նախաձեռելու փոխարեն, հաղորդման ներկայացումից շուրջ մեկ շաբաթ անց, չի ձեռնարկել անհրաժեշտ, հրատապ քայլերը, չի կատարել խոշտանգումներից, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի խախտման փաստով Կոնվենցիոն պարտավարությունները։
Հաշվի առվելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է կոնվենցիոն և սահմանադրական բացարձակ իրավունք հանդիսացող խոշտանգումներից զերծ մնալու և խոշտանգումների արգելքի սկզբունքի մասսայական խախտմանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է մարդու անօտարելի իրավունքների հրապարակային ոտնահարման նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության և մյուս իրավասու մարմինների տոտալ անտարբերությունն ու դրսևորած անգործությունը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր էր անհապաղ հարուցել քրեական գործ և հանձնարարել քննչական կոմիտեին իրականացնել հետևյալ անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես պարզել տուժողներին, ճանաչել տուժող, նշանակել դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննել տուժողներին և վկաներին, դադարեցնել ակումբ ներթափանցած ոստիկանների լիազորությունները, նրանց պահել իրարից մեկուսի, որպեսզի հնարավորություն չունենան քննարկել դեպքը միմյանց հետ և պայմանավորվել հանգամանքների մասին ։
Հայտնում ենք, որ շարունակելու ենք հետամուտ լինել ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած քաղաքացիների իրավական պաշտպանության ուղղությամբ, որպեսզի ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում խստորեն պահպանվեն անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու մարդկային վերաբերմունքը։
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ կատարել վերը թվարկված պարտավորությունները և իրականացնել արդյունավետ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, բացահայտելու համար ապօրինություններ թույլ տված ոստիկանության և իրավապահ մարմինների աշխատակիցներին ու պատասխանատվության ենթարկելու համար։
Անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների ոչ միայն քաղաքացիների, այլև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ անպատաժելիության վերացումը հենց դատախազության, քննչական մարմինների գլխավոր պարտավորությունն է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: