Հայաստանի գլխավոր դատախազի՝ Ազգային ժողովին ներկայացված տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի վերաբերյալ տվյալներ, քանի որ բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է: Վարույթներով կան ժամկետներ, և ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են»,-հավելել է Վարդապետյանը:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այդ ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն անհնար է: Հսկողությունն իրականացվում  Գլխավոր դատախազին առընթեր դատախազների խմբի կողմից:

Իսկ ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, Գլխավոր դատախազն ասել է, որ այդ վարույթին ուղղակի ֆիզիկապես ինքը չի հասցրել անդրադառնալ, քանի որ դեռ պաշտոնավորում է մոտ 8 ամիս: «Այս երկու գործերից Մարտի 1-ը ամենաառաջնայինն էր ինձ համար՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ: Ուստի դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»-նշել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա երկրորդ կեսին:

Նա վստահեցրել է, որ երկուսի մասով էլ աշխատանքները տարվում են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest