Այսօր կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններից։ Նա մասնավորապես, ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ նախորդ շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից ինքը ներկայացրել է։
«Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, և սա այն փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթի մեջ որևէ նորություն չեք գտնի, որովհետև այդ փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, դետալների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և՛ մեր արձագանքին ծանոթանալ»,- ասել է Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում։
Մանուկյանի մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում մոտ ապագայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում, վարչապետը պատասխանեց, որ շատ ուրախ կլինի, որ դա տեղի ունենա։ «Եթե պարզվի, որ փաստաթուղթ կա, որ վերջին մտածումներն են` ստորագրվի, թե ոչ, դա վատ նորություն չէ, դա լավ նորություն է»,- ի պատասխան արձագանքել է Փաշինյանը։
Վարչապետը նաև մանրամասնել է, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին. «Վաշինգտոնում գտնվող բանակցող թիմին ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում, սակայն այստեղ էլ թակարդ կա։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, նոր կոմպոնենտներ առաջանալ»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: