ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ նիստում առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով։
Քոչարյանը ասել է, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում պահանջել և ստացել է 4 հազար 154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով։ Նա նշել է, որ այդ փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը շարունակվում է։
«Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։
Լսումների և զրուցների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին և ստանալ փաստաթղթերի նոր քանակ։ Հրավիրյալների լսումները շարունակելու և փաստաթղթերի նոր ծավալը ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով»,- ասել է Քոչարյանը։
Պատգամավորը վստահեցրել է, որ սա վերջին երկարաձգումը կլինի, և քննիչ հանձնաժողովն այդ որոշումն արդեն իսկ հաստատել է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: