18-ամյա Ռոբերտ Գևորգյանը, որպեսզի գերի չընկնի, իրեն մահացու կրակոց է հասցրել։

«Վիրավորում է ստացել ուսից, փորձել է գնալ բլինդաժ՝ սնայպերը խփել է ոտքից էլ է վիրավորում ստացել։ Յաշման մտել է դիրք, Ռոբերտը տեսել է, որ պետք է գերի ընկնի, վերջին ուժերը գործադրել է ու ծնոտի տակից իրնքն իրեն անմահացրել է»,- այս մասին Forrighst.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Մերի Ավագյանը։

Ռոբերտը Սյունիք մարզի Ներքին Հանդում երկու ամսվա ժամկետային ծառայող էր, երբ, 2022 թվականի սեպտեմբերին, թշնամին հերթական հարձակումն է սկսում Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Առանց հրամանատարների մնացած Ռոբերտն ու մյուս ծառայակիցները որոշում են մինչև վերջ պայքարել իրենց վստահված դիրքի համար։

Մայրը նշում է, որ հրամանատարը որդուն ու մյուս տղաներին դավաճանել է, ինչի հետևանքով Ռբերտը համածառայակիցների հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Վերջին հեռախոսազրույցի ընթացքում ծողներին ասել է՝ շրջափակման մեջ է։

«Պապ ջան, սա կարող է լինի իմ վերջին զանգը, ես շրջափակման մեջ եմ, կարող է էլ չզանգեմ ձեզ, մեզ թողեցին՝ փախան»,-հոր և որդու վերջին խոսակցությունն է վերհիշում տիկին Մերին՝ ընդգծելով, որ տղան երկու ամսվա զինծառայող էր։ «Միայն Ռոբերտը չի եղել երկու ամսվա ծառայող, ճանաչում եմ նաև Վահեին՝ իրար հետ էին գնացել»,-ասաց մայրը։

Ծնողներն անակնկալի են եկել, երբ Ռոբերտը սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի հատվածում զանգահարել և ասել է, որ իրենց հանկարծակի դիրքեր տանելու հրաման է եղել։

«Զանգեց հորն ասաց՝ հանում են ինժեներական աշխատաքների։ Հայրը  զարմացել է, որ երկու ամսվա զինծառայող տղային երեկոյան հանում են դիրքեր և հստակեցնող հարցեր տվել, որդին պատասխանել է՝ պապ, չգիտեմ, ինձ ու իմ նման մի քանի նորակոչիկների վերցրել են ու տանում են ինժեներականի», -պատմում է մայրը։

Ծնողներին Ռոբերտի հետ հաջողվել է կապ հաստատել ժամը 22:00-ից հետո։ Հարն ու մայրը հետաքրքրվել են, թե ինչ պայմաններ են ապահոված զինվորների համար․ «Ասաց՝ պապ, մենք ենք, մի դրոշ է ու մի վրան»։ Իսկ երբ ծնողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք հրամանատարական կազմից զինվորների կողքին մարդ կա, Ռոբերտն ասել է․ «Իրենք մեզ թողեցին, գնացին, ասացին՝ գնում ենք քլունգ ու լապատկա վերցնենք՝ գանք»։

Նշենք, որ հրամանատարական կազմի այս բացատրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ սկսած նրանից, թե ինչո՞ւ են ինժեներական աշխատաքների համար դիրքեր բարձրացել առանց համապատասխան գործիքների և, եթե գնացել էին գործիքների հետևից, ինչո՞ւ չեն վերադարձել։

Տիկին Մերին պատմում է, որ որդու հետ խոսելուց հետո շուրջ երկու ժամ անց՝ կեսգիշերին, համացանցից է տեղեկացել, որ թշնամին ռազմական ագրեսիա է հրահրել հայկական դիրքերի ուղղությամբ․ «Մտքովս չէր անցնի, որ իմ երկու ամսվա զինծառայողին կբարձրացնեին առաջնագիծ»։ Մոր խոսքով, որդու հետ մինչև լուսաբաց՝ ժամը 04:30-ը չեն կարողացել կապվել։ Ռոբերտն այդ պահին ծնողներին խնայել է և չի ասել, որ մարտական գործողությունների անմիջական մասնակից է, իսկ չորս ժամ անց զանգահարելուց հետո ասել է, որ շրջափակման մեջ է։

«Ես ասում էի, որ Ռոբերտն այն տղան է, որը կյանքում գերի չէր ընկնի, ասում էի՝ մոռացեք, Ռոբը չկա․․․»,-ասում է մայրը՝ հիշելով, որ երբ որդին քննությունների համար արձակուրդ է եկել, ասել է, եթե գերի ընկնի, ապա իրեն ու թշնամու զինվորներին կյանքից կզրկի։

«Ասաց, որ ինձ գերի տանեն, երկու հատ նռնակ ունեմ՝ այ, այստեղ է դրված լինելու, որից մեկն իմ համար է»,- մոր հետ զրույցում ասել է Ռոբերտը ցույց տալով սիրտը,- «ասում էր՝ կսպասեմ, էդ շները կգան, նռնակը կքաշեմ, ինձ էլ, իրենց էլ հետս կտանեմ»։

Ռոբերտի ծնողները համացանցից են տեղեկացել, որ իրենց որդին զոհվել է։ Թշնամու զինվորները նրանց դիրքը գրավելուց հետո տեսանկարահնել են, թե ինչպես են Ադրբեջանի դրոշը տեղադրում այնտեղ, կադրերում երևացել է նաև Ռոբերտի ու մյուս զոհերի մարմինները։ «Կամեռան պահում են որդուս վրա, մենք այդտեղից ենք իմանում, որ ինքը չկա»։

Մայրը պատասխաններ է պահանջում՝ ինչո՞ւ են երկու ամսվա զինծառայող որդուն ներգրավվել մարտական գործողություններին, երբ նա չէր տիրապետում զենքի կիրառմանը։ «Մեկը իմ դուռը չբացեց, չասեց, որ ցավում է կատարվածի համար։ Ես խնդրում եմ, որ մեղավորները պատժվեն․ ո՞վ տարվա իմ երկու ամսվա ծառայող որդուն մատաղ արեց, ինչի համար։ Երեխայիս տարան, փակ դագաղով բերեցին դրեցին դեմս, ասեցին՝ սա է, վերցրու ու սուս մնա։ Մենք չունեի՞նք Պաշտպանության նախարարությունից, զինմոկից ինչ-որ մեկը, որ գար էս բոթը մեզ հայտներ»,-վշտացած ասում է մայրը և նշում՝ պետությունն այնքան անտարբեր է հայրենիքի համար կյանքը տված զինվորների նկատմամբ, որ անգամ հետմահու մեդալը պատշաճ չեն հանձնել՝ տոպրակի մեջ դրված, առանց փաստաթղթի։

Ռոբերտի ընտանիքն այժմ արդար քննություն է ակնկալում ու մեղավորներին պատիժ՝ օրենքի խստությամբ։ Հարուցված քրգործ կա, սակայն, մեղադրյալներ՝ ոչ։

Ռոբերտը ծնողների միակ որդին էր։ Գևորգյաններն ունեն մեկ անչափահս դուստր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest