Ապրիլի 27-ին Արտաշատի քննչական բաժնի պատուհանից ընկել և մահացել է Արարատի Հովտաշեն գյուղի բնակիչ Միսակ Պողոսյանը։
Միսակ Պողոսյանը 62 տարեկան էր, մսավաճառ։ Ուներ ընտանիք՝ կին, երեխաներ, որոնցից մեկը հաշմանդամություն ունի, թոռնիկ։ Ուներ մի վատ սովորություն՝ «խոտ էր ծխում»։ Բայց հանգիստ բնավորության տեր, խաղաղ մարդու համբավ ուներ հարազատ գյուղում։ «Նա խելոք մարդ էր, գյուղում ոչ մեկի ոչ վիրավորել է, ոչ երբևիցե կռիվի մեջ է եղել։ Օգտագործող էր, այո, բոլորը գիտեին։ Հանրապետությունում շրջում էր, միս էր վաճառում։ Մեքենա ուներ։ Մոտ մարդու հետ գնում էին գյուղերով», — պատմում է Հովտաշենի համայնքապետ Արմեն Ալեքսանյանը։
Նրա մահվան օրը՝ ապրիլի 27-ին, քննչական կոմիտեն հաղորդեց, որ Պողոսյանը ցատկել է մարզային քննչական վարչության շենքի երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել, որ կան տվյալներ, թե նա կանեփ է աճեցրել և 277 գրամ մարիխուանա է շրջանառել, այս մեղադրանքը հետագայում ավելի է ծանրացվել ։ Սակայն ոչ մի փաստ առ այն, որ Պողոսյանը թմրամիջոց է իրացրել, հաղորդագրության մեջ չի նշվում։
Դրան ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, թե Արտաշատի քննիչները Միսակ Պողոսյանի հետևից են ընկել ու ամեն ինչ արել են նրան կալանավորելու և թմրամիջոցների դեմ պայքարում «գալոչկա» դնելու համար՝ ջանքեր, որոնք ի վերջո բերել են մեղադրյալի մահվան։
Արտաշատի քննչականի մասնակցությամբ քրեական էպոպեան Միսակ Պողոսյանի համար սկսվել է հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ էր, որ նրա մոտ հայտնաբերեցին մարիխուանան։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սակայն խուզարկում են ավտոմեքենան և նոր թմրամիջոց են հայտնաբերում։ Ըստ քննչականի՝ տետրահիդրոկաննաբինոլ տեսակի։ Մեղադրանքը լրացվում է։ Միսակ Պողոսյանին երկու ամսով կալանավորում են։ Հունվարին, երբ ավարտվում է կալանքի ժամկետը, քննիչ Նարեկ Բադալյանը միջնորդում է, որ կալանքի ժամկետը երկարաձգվի։ Դատարանը մերժում է միջնորդությունը։
Ապրիլի 25-ին, Միսակ Պողոսյանի մահից երկու օր առաջ քննիչները, ըստ ՔԿ հաղորդագրության, կրկին խուզարկում են նրան և հայտնաբերում մարիխուանա։ Միսակ Պողոսյանը ձերբակալվում է, կրկին չունենալով փաստ, որ Մարիխուանան նա ինքն էր օգտագործելու, ոչ թե իրացնելու էր։
Պատմում է Միսակ Պողոսյանի եղբորորդի Կարեն Պողոսյանը․ «Ապրիլի 25-ին Միսակ Պողոսյանը գնացել էր մսի վաճառքի հետ կապված իր գործերով։ Մեքենան կանգնեցրել են, տարել են բաժին։ Նրա մոտ չնչին քանակությամբ ծխելու խոտ է եղել իր համար, իր օգտագործելու համար։ Նա չի ժխտում, որ օգտագործող է։ Փոքրուց, 10-րդ դասարանից օգտագործել է, բայց դա քրեական հանցանք չի։ Սովորական ծխելու համար խոտ է եղել մոտը։ Նա իր գրպանից կամավոր հանել է խոտը։ 1 գրամ 44 մգ է եղել, մի սիգարետի՝ սենց ասեմ։ Սա իմ գրպանի եղածն է՝ ասել է, իմ օգտագործելու համար։ Նրա փաստաբանը եկավ, ասաց, որ դրա համար չեն բերում բաժին։ Բայց չգիտես ինչու նույն քննիչ Նարեկ Բադալյանը հետևից ընկած, ձերբակալեց»։
Կարեն Պողոսյանը պատմում է, որ մահվան օրը լրանալու էր ձերբակալության 72 ժամը։ Միսակ Պողոսյանը գիտեր, որ մի քանի ժամից ինքը դուրս է գալու։ Սպասում էր փաստաբանին։ «Քննիչի սենյակ են տարել։ Փաստաբանին ասել են՝ Միսակ Պողոսյանին բարձրացնում ենք քննելու։ Նա պետք է մոտենար, որ արդեն դուրս էր գալու։ Քննիչի ասելով, Միսակ Պողոսյանը դուրս է եկել ծխելու, մինչև փաստաբանը գա։ Փաստաբանը իրենց տանից 10 րոպեում հասել է քննչական, քննիչն ասել է, բա չիմացա՞ր, ինչ եղավ, Միսակ Պողոսյանն իրեն քցեց։ Ո՞նց, հասցրեց՝ իրեն քցել է, ուղեկցողները այնտեղ են եղել։ Հանելուկ ա։ առաջին անգամ 2 ամիս նստել էր, իրեն չգցեց, հիմա փաստաբանին միջանցքում սպասելուց գցե՞ց։ Ու բերանի վրա ասֆալտի վրա քցած էր։ Ես տեսել եմ էդ ամենը»։
Կարեն Պողոսյանը ասում է, որ Միսակ Պողոսյանի մարմինը դեռ չեն հանձնել հարազատներին։ «Մենք որ գնացինք, արյունը սիրուն լվացած էր, ժապավեն կապած չէր, որ երևար՝ այդտեղ դեպք է եղել», — ասում է Կարեն Պողոսյանը։
Երկու հարց, որոնք միանգամից առաջանում են և որոնց պատասխանները քննչականի հաղորդագրության մեջ չկան։ Ինչո՞ւ է քննչականի միջանցքի պատուհանն այնպիսի բացվածք ունեցել, որ այնտեղից կարող էր մարդ ցած նետվել։ Երկորդ՝ ինչպե՞ս եղավ, որ Միսակ Պողոսյանին միջանցքում ոչ ոք չէր ուղեկցում։
Միսակ Պողոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Սամվել Միրզոյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, նշելով, որ նախաքննություն է ընթանում և ինքը մինչև նախաքննության ավարտը չի խոսի։ «Քանի գնում է նախաքննություն, քանի նախաքննական նյութերն ինձ չեն տրամադրել, քանի ես չեմ հասկացել, ինչ է կատարվել քննությամբ, ես ոչինչ չեմ ասի»։
Հիշեցնենք՝ Միսակ Պողոսյանի մահվան փաստով նախաձեռնված է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և 506-րդ հոդվածի 1-ին մասով՝ արգելանքի վերցված անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը։ Նախաքննությունը Արտաշատի քննչականից վերցրել են, տվել Մասիսի քննչականին։ Ի թիվս այլ հարցերի, այն պետք է պարզի, թե արդյո՞ք քաղաքացին ցած է նետվել, թե նրան սպանել են, ապա մարմինը ցած նետել, եղել է, թ՞ե ոչ քննիչի Միսակ Պողոսյանին ամեն գնով ճաղավանդակի հետևում տեսնելու քննիչի հանցավոր հետևողականությունը։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: