Մեղադրյալը 2023 թ. ապրիլի 27-ին ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել բացակայելու արգելքը։ Ավելի ուշ՝ օպերատիվ նոր տվյալների իրացման արդյունքում, նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։
Ելնելով դրանից՝ մեղադրանքը լրացվել է, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, որը, սակայն, դատարանի որոշմամբ, մերժվել է, և անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դրանից հետո, պարզվել է, որ Մ. Պողոսյանը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 2023 թ. ապրիլի 25-ին նրա անձնական խուզարկությամբ:
Քրեական վարույթով ձեռք բերված նոր տվյալների հիման վրա դատախազի որոշմամբ՝ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ինչից հետո մեղադրանք առաջադրելու և դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Մ. Պողոսյանին ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։
Ոստիկանության ծառայողները, ի կատարումն քննիչի հանձնարարության, 2023 թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն են ուղեկցել Մ. Պողոսյանին։ Վարչության երրորդ հարկում, միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Մ. Պողոսյանը, նախնական տվյալներով փախուստի դիմելու նպատակով, հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա և պատուհանից ցած նետվել։ Արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 506-րդ հոդվածի 1-ին մասի (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: