Գոհար Սարգսյանը, որի կյանքի 16 տարիներն անցել են պետական մարմինների շենքերի դեմ իր նման սևազգեստ մայրերի հետ ցույցերում, այդ շենքերում պաշտոնյաների հետ անպտուղ հանդիպումներում ու դատարաններում, այժմ փոքր-ինչ շունչ է քաշում․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է՝ սպանված որդու գործով տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում։ Բայց միևնույն է՝ որդեկորույս մայրը այդ վճռով չի սփոփվում՝ որդուն՝ 19-ամյա զինծառայող Տիգրան Օհանջանյանին սպանողները կամ նրա մահվան վերաբերյալ քրեական գործը կոծկողները չեն պատժվել, ավելին՝ հիմա պաշտոնի առաջխաղացում են ունենում։
«16 տարի է անցել, բայց պետությունն այդպես էլ ներպետական ատյաններով չմեղադրեց, պատասխանատվության չենթարկեց այն մարդուն, որը իմ երեխու կյանքն էր խլել», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Գոհար Սարգսյանը։
ՀՀ Զինված ուժերում, մասնավորապես Կարճաղբյուրի զորամասում ծառայություն իրականացնող 19-ամյա Տիգրան Օհանջանյանի մահվան մասին 2007 թվականի օգոստոսին ծնողներն իմանում են Ռուսաստանում ու անմիջապես գալիս Հայաստան։ Առաջին հայացքից դժբախտ պատահար որակված մահը դատարանը չի հաստատում՝ գործում եղած հակասությունների հիմքով․ դատաբժիշկը եզրահանգել էր, որ Օհանջանյանը հոսանքահարվել է զորամասում, սակայն հետագայում դատարանը այս վարկածը հերքել էր՝ վճռելով՝ «չի հոսանքահարվել», և գործն ուղարկվել էր նոր քննության, իսկ միակ մեղադրյալը՝ էլեկտրակայանի պատասխանատուն, արդարացրել էր։ Գործի քննությունը նորից էր սկսվել, սակայն իրավապահները այս անգամ ևս էլեկտրահարման նույն վարկածն էին քննել և եզրահանգել՝ իրեղեն ապացույցները, մասնավորապես էլեկտրական կայանը, կորել է ու չի պարզվել, թե գործում ում պետք է ներգրավեն որպես մեղադրյալ։
Հայաստանում չգտնելով որդու մահվան շուրջ հարցերի պատասխանները, Գոհար Սարգսյանը՝ իր ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ դիմել է ՄԻԵԴ, որտեղից պատասխան ստացել են օրեր առաջ։
«ՄԻԵԴ վճռով դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ընդ որում դատարանը արձանագրել է 2-րդ հոդվածի խախտում ինչպես նյութական, այնպես էլ դատավարական բաղադրիչով։ Կարևորը այն է, որ շատ պատշաճ ջանքեր չի գործադրել, ամբողջ ընթացակարգը չի եղել արդյունավետ, նաև վտանգել է քննության նախապատրաստումը», — Forrights.am-ին ասում է այժմ Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Եվրոպական դատարանը պարտադրում է Հայաստանի կառավարությանը Տիգրան Օհանջանյանի ընտանիքին վճարել 50 հազար եվրո գումար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
2016 թվականին քրեական գործի կասեցումը, այնուհետև 2018 թվականին դրա քննության վերսկսումը, ըստ փաստաբանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է անարդյունավետ։ Ավելին, 2018-ին քրեական գործի վերսկսումը, Պապիկյանի փոխանցմամբ, ՄԻԵԴ վճռով ձևական բնույթ է կրել։
Քրեական գործի քննությունը վերսկսելու պահանջն առաջացավ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր սևազգեստ մայրերին, խոստացել, որ քրեական գործերը առաջընթաց կունենան, մեղավորները կպատժվեն, իսկ գործող դատախազ Աննա Վարդապետյանին էլ հանձնարարել էր ղեկավարել նոր քննություն իրականացնող աշխատանքային խումբը։ Նոր սպասումներով լցված սևազգեստ մայրերը հավատացել էին հնչած խոստումներին, սակայն այս անգամ էլ հույսերը չեն արդարացել՝ հնչող բազմաթիվ հարցերին չեն տրվում պատասխաններ, գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանը համառորեն չի հանդիպում նրանց հետ։
«Եվրոպական դատարանը վճռով փաստել է, որ Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքը պարզված չէ։ Այն, ինչի մասին Գոհար Սարգսյանը խոսել է տարիներ շարունակ, փաստորեն Եվրոպական դատարանը իր վճռով արձանագրել է», -ասում է Արայիկ Պապիկյանը։
16 տարիների ընթացքում Գոհար Սարգսյանը կորցրել է ամուսնուն, կրել զրկանքներ, բայց չի դադարել պահանջել գտնել որդուն սպանողներին։ «Աննա Վարդապետյանը 150 էջանոց ապացույցները տվեց ինձ ու ասեց՝ ձեր երեխան չի էլեկտրահարվել։ Բայց, ի՞նչ է եղել, ովքեր են կոծկել գործի քննությունը, չեն ուզում բացահայտել», -ասում է տիկին Սարգսյանը։
Վստահ է՝ որդուն սպանել են, էլ ավելին, վստահ է, որ այդ գործում մեծ է եղել այն ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ու նրա թիկնազորի դերը։
«Էն ժամանակվանից ես դա գիտեի, բայց իմ իմանալը քիչ էր, իրանց գրած քրեական գործով ես իրանց պետք ա ապացուցեցի, որ դուք կատարել եք հանցագործություն, կատարել եք մի մարդու թելադրանք, ինչն էլ քննությունը սխալ ուղղությամբ է տարել։ Մի բանդա է եղել, որը թելադրել է՝ բանակում տեղի ունեցած սպանությունները չբացահայտել։ Իսկ որդուս սպանության հետևում իհարկե, կանգնած է Հայկազ Բաղմանյանն իր շքախմբով։ Ոչ մի անգամ չեմ կասկածել, որ էս ամեն ինչը ինքն ա փակել։ Ես 16 տարվա մեջ միշտ բարձրաձայնել եմ, որ ինքն ա էս սպանության հետևը կանգնած», -ասում է Գոհար Սարգսյանը։
Նա համոզված չէ, որ ՄԻԵԴ վճիռը կօգնի պատժել, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, թեպետ Հայաստանի կառավարությունը մինչև ՄԻԵԴ վճռի հրապարակումը ընդունել է, որ տեղի են ունեցել իրավունքի խախտումներ։
«Ես հարց ունեմ երկրի ղեկավարին՝ ի՞նչն ես ընդունել, ընդունել ես, որ կատարել ես հանցագործությո՞ւն, դե պատժի այդ հանցագործներին, որոնք գործը սխալ ուղղությամբ են տարել, որ չբացահայտվի սպանությունը։ Զինվորը հավի ճո՞ւտ էր, ի՞նչ էր, սպանեցիք, էլ հետևից գնացող չկա՞։ Ես հետ չեմ բերի իմ երեխուն, բա մյո՞ւս երեխեքը։ Եթե մեկը նման դեպքերում պատժվեր, չէին կրկնվի նման դեպքեր։ Լավ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, դատախազները վախենում էին Հայկազ Բաղմանյանից, Նիկոլ Փաշինյանն էլ էր վախենո՞ւմ, որ չբացահայտեց որդուս սպանությունը», -ասում է ճերմակահեր կինը։
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութի հեղինակ՝ Ռուզաննա Քոչարյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: