Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Հարավային Կովկասում այս հարցը մի խնդիր է, որին ինքը՝ պետքարտուղարը, խորը գնահատում և մեծ նշանակություն է տալիս։ Եվ ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Անկեղծ ասած, սա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց ու բեռների ազատ և բաց տեղաշարժ: Բայց ավագ խորհրդական Բոնոն, քարտուղարի օգնական Հոգան, քարտուղարը և մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- հայտարարել է Պատելը:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Պետդեպարտամենտը, որը տեղում որպես բանակցությունների միջնորդ է հանդես եկել, չի տեսել, որ նման գործողություններ են նախապատրաստվում, ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ չի պատրաստվում խորանալ դիվանագիտական գնահատականների առանձնահատկությունների կամ ունեցած խոսակցությունների առանձնահատկությունների մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: