Ապրիլի 25-ին Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը: Շատերի համար անակնկալ այս գործով դատական նիստը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, ընթանալու է դռնփակ ռեժիմով:
Միքայել Արզումանյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր օգոստոսի 30–ին, այնուհետև կալանավորվել՝ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իշխանազանցության և պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս և 376-րդ հոդվածի 3-րդ մաս): Միքայել Արզումանյանի գործողությունների հետևանքները, ըստ Քննչական կոմիտեի, ծանր են եղել:
«Իշխանազանցությունը Քրեական օրենսգրքով համարվում է կոռուպցիոն հանցագործություն, որն էլ քննում է Հակակոռուպցիոն դատարանը», —Forrights.am-ին ներկայացնում է Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Մասնավորապես, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Միքայել Արզումանյանը շարունակում է պնդել՝ մեղադրանքն անհիմն է: Ապրիլի 25-ին՝ նախնական դատական նիստում նախ քննարկվել է Միքայել Արզումանյանի կալանքի հարցը, և պաշտանը միջնորդել է ազատ արձակել նրան: Սակայն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ որոշել է 3 ամսով երկարացնել Արզումանյանի կալանքի ժամկետը: Ի դեպ, Արզումանյանն արդեն 8 ամիս է՝ կալանքի տակ է:
«Մենք անհիմն ենք գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է Պաշտպանության բանակի հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ կարող է խոչընդտել գործի քննությանը», -ասում է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Մինչդեռ, ըստ Սարգսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով շատ հստակ սահմանված է, որ եթե քննության սկզբնական փուլում անձին իր նախկին պաշտոնեական դիրքով պայմանավորված կարելի է պահել կալանքի տակ, ապա երբ քննությունը զարգանում է և հիմնական ապացույցները հավաքվում են, ապա այլևս անթույլատրելի է բացառապես այդ հիմքով նրան երկարատև կալանքի տակ պահելը։
Այդուհանդերձ, պաշտպանության կողմը դատարանին միջնորդել է, որ Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեն տնային կալանքը՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով, գրավը և բացակայելու արգելքը միասին, սակայն այդ միջնորդությունը ևս մերժվել է։
Մերժվել է նաև փաստաբանի միջնորդությունը դատական նիստը դռնբաց անցկացնելու մասին: «Մենք միջնորդել էինք, որ դռնբաց լինի դատական նիստը՝ հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը և հետաքրքրությունը, որպեսզի ամեն ինչ բացահայտ լինի և այլևս որևէ պաշտոնյա իրավունք չվերապահի հրապարակային ինչ-որ հայտարարություններ անի: Բայց, բնականաբար, դատարանը մերժեց մեր միջնորդությունը: Նույնիսկ չհամաձայնեց մասնակի դռնբաց անելու մեր առաջարքկին: Մենք ասում էինք՝ որ նիստում ծառայողական գաղտնիք կհրապարակվի, այդ նիստը կարելի է անել դռնփակ: Սակայն դատարանը չհամաձայնեց: Ես պնդում եմ, որ այս հարցը պետք է հրապարակային քննվի, որ բոլորը տեղեկանան՝ արդյոք պաշտոնական մակարդակով հաղորդվող տեղեկությունները ճշմարտացի՞ են, թե անհիմն: Ես կապացուցեմ, որ այս մեղադրանքը, մեղմ ասած փուչիկ է», -մեզ հետ զրույցում ասում է Երեմ Սարգսյանը:
Նկատենք, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ վճիռը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակել է՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ զինվորականը մեղավոր է, քանի որ նահանջի հրաման է տվել:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, հեղինակություն վայելող անձանց վերաբերյալ քրեական գործերը պետք է քննվեն դռնբաց։
«Հատկապես բարձր հեղինակություն վայելող զինվորականների նկատմամբ, ինչպիսին Միքայել Արզումանյանն է, հարուցված քրեական գործերը դատարաններում պետք է ընթանան դռնբաց, պետք է տարվի թափանցիկ քննություն, որպեսզի փարատվեն հանրության կասկածները, այլապես այն տպավորությունը, որ սրանք շինծու, սարքված գործեր են, այդպես էլ մնալու է ։ Համառորեն դատական նիստերը դռնփակ անցկացնելու միտումը հենց այդ մասին է խոսում», —Forrights.am-ին ասում է Ալեքսանյանը։
«Միշան մեր համար հերոս է ու հերոս էլ մնալու է». Մեղադրանքի բովանդակության մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը վստահ է՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար: Այս պահին, սակայն փաստաբանը անուններ չի հրապարակում և խոստանում է այդ անձանց անունները տալ որոշակի փուլում:
«Հիմա քննիչն ու դատախազն իրենց դրել են ՊԲ հրամանատարի տեղ ու որոշում են, որ այս մարտական իրադրությունում, այս ուժերի պայմաններում, երբ հակառակորդը այս կողմից հարձակվում է, այն կողմից այս ուժերով է գալիս, դու ունես այսքան ուժ, դու ի՞նչ պետք է անեիր, այս հատվածը պետք է փակեիր, պետք է այդ ուժերը կիրառեիր, թե չկիրառեիր. որտեղի՞ց իրենց այդքան հմտություն, կամ եթե ունեն, դա չի նշանակում, որ էդպիսի գնահատական պիտի տաս, սրա համար իրավասու անձանց կողմից պետք է ձեւավորվեր հատուկ ռազմագիտական հանձնաժողով, որպեսզի նրանք այդ իրադրությունները գնահատեին: Դե եթե այդպես է, քննիչին ու դատախազին ուղարկեին, թող ՊԲ հրամանատար աշխատեին»,- նշում է Սարգսյանը:
Փաստաբանը հիշեցնում է, որ Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատար 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ մեկ ամիս անցել էր պատերազմից, և, ըստ էության, ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում բանակը: Նրա խոսքով, կան ցուցմունքներ, որոնց համաձայն, Միքայել Արզումանյանի նշանակումից հետո առաջիկա մի քանի օրը հայկական զինված ուժերի վիճակը կտրուկ փոխվել է, և թշնամին շատ քիչ հնարավորություն է ունեցել առաջխաղացումների, իսկ յուրայինների զոհերի քանակը մի քանի անգամ կրճատվել է:
Ինչ վերաբերում է Արեգա բարձունքի գրավման դրվագին, Սարգսյանը հերքում է նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածը, թե Արզումանյանը բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել. «Քրեական գործում ապացույցները կան, որ իրականում Արեգա բարձունքը հետ չի գրավվել, այսինքն՝ գրավված չի եղել: Այնտեղ միայն որոշակի հաջողություն է եղել։ Իսկ այն անձինք, որոնք ներկա են եղել այնտեղ` ունեն որոշակի խնդիրներ այլ ցուցմունքներ տալու։ Մենք հիմնավորել ենք, թե ով ինչի համար է նման ցուցմունք տվել»:
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը անհնարին է համարում այն, որ Միքայել Արզումանյանը Արեգա բարձունքից նահանջելու հրաման է տվել:
«Նա նման բան անել չէր կարող, պարզապես չէր կարող: Արզումանյան Միշան 17 տարեկան տղա էր, զենքը վերցրեց, գնաց հայրենիքի սահմանները պաշտպանեց: Ամբողջ կյանքը զինվորական գործի մեջ է եղել Միշան, այդ ինչպե՞ս կարող էր նահանջի հրաման տալ», — Forrights.am-ին ասում է Պողոսյանը:
Բացի այդ, նրա խոսքով, մարտական գործողությունների ժամանակ հեռակապով խոսակցությունները ձայնագրվում են և ցանկացած պահի կարող են լսել ձայնագրությունները. «Ռացիայով բոլոր խոսակցությունները կան, կարող են լսել: Հրաման որ Միշան տվել ա, թե իջեք, հետ գնացեք, չի եղել, նման հրաման չի եղել: Էդ ժամանակ, որ մերոնք կորցրել են Արեգա սարը, Միշան եղել է վարչության պետի տեղակալ, նույնիսկ գլխավոր շտաբի պետի տեղակալ չի եղել, հետևաբար իրավունք չուներ նման հրաման տալու: Կամ, լավ, ենթադրենք Միշան է, տալիս է նահանջի հրաման, ենթադրենք, բայց առաջին հերթին ենթարկվող հրամանատարն է հանցագործը: Միլիարդ տոկոս ասում եմ՝ նման հրաման Միշան չի տվել»:
Ոչ հետախուզությունը, ոչ հակահետախուզությունը և ոչ էլ պաշտպանության բանակը, Վլադիմիր Պողոսյանի փոխանցմամբ, չի զեկուցել, որ Արեգա բարձունքը գրավվել է հայկական զինված ուժերի կողմից. «Էդ որ ասում են նորից հետ են վերցրել Արեգա սարը, սուտ է, սուտ: Ես չգիտեմ՝ ում է պետք Միշայի դեմ այս մեղադրանքը, բայց բոլոր դեպքերում Միշան մեր համար հերոս է, ու հերոս էլ մնալու է: Նա մի տոկոս մեղավոր չի: Իրա մեղքը չկա: Իրա դեմ ով ցուցմունք է տալիս շատ հետաքրքիր է՝ ում պատվերով ու ինչու համար»:
Նշենք, որ այս գործով կա առնվազն 161 վկա, որոնք դատարանում պետք է վկայություններ տան:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: