Ապրիլի 23-ին Բերձորի միջանցքի Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անցակետ տեղադրելուց հետո, շարժը Բերձորի միջանցքով կամաց-կամաց սկսում է aվերականգնվել։

Դեկտեմբերի 12-ին՝ «էկոակտիվիստների» կողմից միջանցքն արգելափակելուց հետո շարժն հիմնականում երեք ձեւով էր իրականացվում․ Լիսագոր-Ստեփանակերտ շրջանցիկ գրունտային ճանապարհով սահամնափակ թվով մարդիկ էին տեղափոխվում, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու հումանիտար բեռները ռուս զինվորականների միջոցով էին ներմուծում, իսկ հիվանդներին տեղափոխում էին Կարմիր խաչի միջոցով։

Մարտի վերջին, սակայն, շրջանցիկ ճանապարհը փակվեց՝ ադրբեջանցիների եւ ռուսների համատեղ արյունալի գործողությամբ, իսկ ապրիլի 23-ին անցակետ տեղադրվեց Հաքառիի կամջջի վրա՝ ռուսական պոստի մոտ։

Անցակետի տեղադրումից երկու օր անց Արցախից հայտնեցին, որ հումանիտար բեռների եւ պարենի ներմուծումը ռուսների միջոցով մասնակի վերականգնվել է։ Ապրիլի 26-ին հայտարարեցին նաեւ, որ 16 անձ «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ 11 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Փաստորեն, անցակետը տեղադրելուց հետո մնացել է մեկ «փոքր» քայլ․ համոզել Արցախի հայերին՝ միջանցքն «էկոլոգներից» ազատելուց եւ բացելուց հետո անձնագրային ստուգում անցնել «համատեղ ռուսադրբեջանական անցակետում»։ Ըստ ամենայնի՝ ՌԴ զորախմբի հրամանատարի փոփոխությունը հենց դրանով է պայմանավորված․ ներկայիս հրամանատարը դեկտեմբերից առ այսօր չի կարողացել հայերին «համոզել»։ Հիմա նորը, որն ավելի «խիստ է», պետք է «համոզելու» առավել ազդեցիկ ձեւեր գտնի։

Այդ մասին է վկայում արցախցի պատգամավորների տեղեկությունն առ այն, որ գեներալ Վոլկովը բանակցություններ է վարում «ադրբեջանցիների եւ ղարաբաղցիների» հետ։ «Ղարաբաղցիների» հետ բանակցությունները միայն մեկ թեմայով կարող են լինել՝ համոզել համակերպվել անցակետին եւ անջնագրային ռեժիմին։

«Արցախում որևէ մեկը չի պատրաստվում Լաչինի միջանցքով անցնելիս ստուգման անցնել ադրբեջանական ծառայությունների կողմից կամ հաշվետվություն տալ ադրբեջանական ծառայողներին, թե ուր է գնում և ինչ նպատակով է գնում, կամ Արցախ վերադառնալու պարագայում նման գործընթացներ անցնել։ Արցախում որևէ մեկը չի պատրաստվում հանդուրժել, որ Լաչինի միջանցքը, որը եռակողմ հայտարարությամբ պետք է ազատ տեղաշարժ ապահովի, անցնել ադրբեջանական դրոշի ներքո կամ ադրբեջանական ծառայողների վերահսկողության ներքո։ Եվ շատ պարզ է, որ այս իրավիճակը մի կողմից խթան է լինելու, մի կողմից մարդիկ, ովքեր չեն ընդունում սա, ովքեր դեմ են, իսկ նրանք մեծամասնություն են, մտածելու են Արցախը լքելու մասին», Ազատությանն ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Պետրոս Ղազարյանի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը ասել է, որ «այս պահին երեւի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ ներկայացնելով, որ իբր ստուգում են, որ զենք չլինի, հաջորդ փուլում արդեն առաջ կքաշեն, որ ստուգում են քաղաքացիներին, նրանց անձնական իրերը եւ այլն»:

«Պետք է նշեմ, որ այս կետը փաստաթղթի կարեւորագույն էլեմենտ էր եւ 2020 թվականիօն տեղահանված արցախցիների մեծ մասը վերադարձավ՝ հաշվի առնելով, որ այդ երաշխիքները կան, այդ թվում նաեւ Ռուսաստանի կողմից»,-ասաց նա: ԱԳ նախարարն ասաց, որ արցախցիները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն է տեղակայվել, բայց հիմա հայտնվելեն պատանդի կարգավիճակում։

Ի՞նչ քայլեր կձեռնարկեն ռուսները՝ հայերին համոզելու համար։ 30 տարի առաջ նույն իրավիճակն էր, եւ մարդիկ դեռ հիշում են Ստեփանակերտի օդանավակայանի «շմոնները», որոնց արդյունքում «անցանկալի» հայեր հայտնվում էին Շուշիի կամ Բաքվի Բաիլյան բանտերում։ Հիմա էլ ոչ ոք չի կասկածում, որ նույնն է լինելու․ ռուսները ոչ միայն չեն փոխել մեթոդներն, այլեւ կատարելագործվել են տեխնիկապես։

ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել նոր իրավիճակին, թեկուզ խոսքը գնում է ՀՀ անձնագրեր ունեցող անձանց տեղաշարժի իրավունքի մասին։ Փոխարենը արեւմտյան երկրները խիստ դատապարտել են Ադրբեջանի քայլը։ ԱՄՆ Կոնգրես նույնիսկ օրինագիծ են բերել՝ Արցախը ճանաչելու մասին։ Ֆրանսիայի Սենատի կայքում եւս դատապարտող կոչ է տեղադրված, իսկ Եվրախորհրդարանը հասցեական մեղադրանքներ են հնչեցրել։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest