Հայաստանն ապրիլի 21-ին Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել իր առարկությունները Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ՝ ստանալով նաև իր հայցադիմումի վերաբերյալ Ադրբեջանի առարկությունները։ Դատարանն, ըստ այդմ, կասեցրել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերի քննությունը՝ մինչև ներկայացված առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը, հայտնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան այս տարվա հունվարի 23-ին՝ միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։

Դատարանի Կանոնների համաձայն պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են Դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ։

Նախնական առարկություններ ստանալուց հետո Դատարանն իր Կանոնների համաձայն կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչև նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։

«Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Հայաստանի կողմից ներկայացրած նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիումում տեղ գտած պահանջների մեծ մասին։ Միաժամանակ Հայաստանը ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։ Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկութունների վերաբերյալ Դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest