ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` մեկնաբանելով Դավիթ Տոնոյանի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես, նշել էր․ «Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»:
«Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», — նշել է Անդրանիկ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ քննիչ հանձնաժողովում բաց հրապարակային հանդիպում կազմակերպել իր և Նիկոլ Փաշինյանի միջև, Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է. «Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի և եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ: Իմ խնդիրն առաջարկելն է և նայել՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե՞ ոչ։ Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի», ասել է Քոչարյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: