Արդեն երրորդ օրն է՝ զինված ադրբեջանցիները փակ են պահում Հայաստանն ու Արցախը միմյանց կապող Հակարիի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում։ Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ կամրջին անցակետ է տեղադրել՝ վերահսկելու Արցախ մուտք ու ելք անող բոլոր տրանսպորտային միջոցները։ Անցակետի տեղադրումից հետո հայկական մեքենաների երթևեկությունը դադարեցվել է։

«Փակ է ճանապարհը, ոչ մի անցուդարձ չկա, ոչ կարողանում ենք գնալ Ստեփանակերտ, ոչ Գորիս։ Ես հիմա Գորիսում եմ, եկել մնացել, չեմ կարողանում գյուղ գնալ»,-ասաց Լիսագոր համայնքի ղեկավար Գրիգոր Նասիբյանը։

Ըստ Արցախի իշխանությունների՝ Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցություններ են ընթանում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի և ադրբեջանական կողմի միջև, Ստեփանակերտից ու Երևանից ներկայացուցիչներ չեն մասնակցում։ Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այդ բանակցությունները, եթե կան էլ, ապա դրական ելք չեն ունենալու։

«Արցախի իշխանությունները լուր են տարածել, թե ռուսական կողմը բանակցում է, բայց սա կեղծ օրակարգ է, որոհետև ռուսական կողմ ասելով նկատի ունեն ռուսական խաղաղապահ ուժերին, պետք է հասկանալ, որ դա այս ուժերի գործողություններից դուրս է, սա խորը քաղաքական հարց է։ Կեղծ լավատեսությամբ մի քանի օր ձգձգել՝ ասել, որ ռուս խաղաղապահները բանակցում են և հույս տալ բնակչությանը, ես չեմ կարծում, որ հարցի լուծում է լինելու։ Սա քաղաքական հարց է, եթե ունենայինք ի նպատս Հայաստանի և Արցախի աշխատող իշխանություններ, այլ ելքը չէին ունենա»,-ասաց պատգամավորը։

Հայաստանի իշխանությունները, որ նախկինի նման այլևս չեն հայտարարում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է՝ այդ խնդիրը դուրս թողնելով նաև կառավարության կատարողականի մասին զեկույցից, չեն շտապում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ մատնանշել։  «Դուք Հայաստանի գործողությունների ծավալը չեք կարող մի ճեպազրույց ընթացքում ստանալ, որ մասն ասե՞մ»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արցախցիներին հորդորում է դիմանալ շրջափակմանը, այն կարող է երկար տևել։ «Բլոկադաները նաև երկար են տևում»,-ասում է իշխանական պատգամավորը։

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Անդրանիկ Քոչարյանի այս մեկնաբանությանը կոշտ քննադատությամբ է արձագանքում։  «Արցախում դա դիտարկվում է ինչպես Բաքվին հնչող հայտարարությունները Նման հայտարարություն անում ենք որոնք ուղիղ մեղավոր են և իրենք են պատճառը, որ հայտնվել ենք այս իրավիճակում, ես չեմ ուզում բնութագրել, որովհետեև պատշաճության սահմաններից դուրս կգամ, իրենք այն մարդիկ են, որոնք Ալիևի հետ փորձում են Արցախը ոչնչացնել»,-ասաց նա։

Դեռևս դեկտեմբերից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը կարող է անցակետի տեղադրման հետևանքով հումանիտար աղետի վերածվել։ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքները դեռ չորս ամիս առաջ կորցրել էին կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, հիմա էլ արդեն չորրորդ օրն է՝ այս գյուղերը կտրված են նաև Գորիսից և ՀՀ-ի մյուս բնակավայրերից։ Լիսագորի համայնքապետ Գրիգոր Նասիբյանն ասում է՝ մի քանի օրից սննդամթերքի, դեղորայքի և մյուս առաջին անհրաժեշտության պարագաների պակասը զգացնել կտա։ «Հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ գտնվում են ՀՀ տարբեր բնակավայրերում և չեն կարողանում վերադառնալ Լիսագոր, հիմնական խնդիրը դա է»,-ասաց Լիսագորի գյուղապետ Գրիգոր Նասիբյան։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում մատնանշում են ՌԴ խաղաղապահների բացթողումը։ «Անցակետ տեղադրվել է և դա գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում, հիմա տեսնենք անելիքներ կան, թե՝ ոչ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Խորհրդարանի ընդդիմադիրները մեղադրում են իշխանություններին՝ հիշեցնելով, որ 2022 թվականի օգոստոսին, երբ Բերձորի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեցին, որ այլընտրանքային ճանապարհն անվտանգ լինի։

«Արցախի անվտանգության երաշխավորը լինելու ուղղությամբ ոչինչ չեն անում։ Եթե իրենք իրենց ծրագրերից հրաժարվել են, դա նշանակում է, լեգիտիմ չեն։ Արցախը մտցրել ես տոտալ շրջափակման մեջ, քո գործողություններով և պատերազմի ժամանակ ոչինչ չես ասել, ապա մնում ես ինչ անես, միայն ղեկավարես կենտրոնը՝ ասֆալտի վրա»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Չնայած ակնհայտ է ռուս խաղաղապահների թերացումը, այնուհանդերձ, պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խաղաղապահների անգործության վերաբերյալ նշում է․ «Այդպես է ստացվում, որովհետեև հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, Իշխանությունները պետք է պահանջատեր լինեն, որպեսզի իրականացվեն Արցախի հանդեպ ստանձնած պարտավորությունները»։

Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը չի խանգարել, որ Արցախը տարածքային կորուստներ ունենա։ 2022-ի մարտին Ասկերանի շրջանում գտնվող Քարագլուխ բարձունքի մի մասը, Փառուխ գյուղն անցան հակառակորդին, նույն թվականի օգոստոսին էլ ադրբեջանական ԶՈՒ-ն բռնազավթեց Եղցահող գյուղին պատկանող հողատարածքները, դեկտեմբերից առ այսօր թշնամական կողմը փակել է Լաչինի միջանցքը։ Կիրակի օրվանից ադրբեջանցիներն արդեն փակեցին Հակարիի կամուրջը։ Այս բոլոր տարածքները գտնվում են անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest