Ազգային ժողովի նախագահի հրամանն ապօրինի էր, նրա հրամանը կատարողներն իրավունք չունեին խոչընդոտել պատգամավորի աշխատանքին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ըստ օրենքի՝ աշխատակիցները կարող են չեզոքացնել վտանգը, իսկ մենք ուղղակի կանգնած էինք, ոչ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժելու։ Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք բախվել ենք ապօրինության, ինչը հետևանքներ է ունենալու։ Ես աշխատում եմ դիմումի տեքստի վրա, որոնք ներկայացնելու եմ ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն ապօրինություն գործած բոլոր մարդիկ»,- ասել է Թովմասյանը։

Պատգամավորն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չգիտեն ԱԺ ամբիոնի գինը և այնտեղից պարբերաբար սուտ հայտարարություններ են անում։

«Չենք թողնելու, որ վարչապետ կոչվածն անընդհատ գա և ստի։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ դավաճանական հայտարարություններ է անում՝ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի մասին որևէ ձևակերպում անելու։ Սա նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն անթույլատրելի է»,- նշել է Թովմասյանը։

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, երբ ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունենալո, Փաշինյանը, ակնարկելով Թագուհի Թովմասյանի մասին, ասել էր․ «Ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր, եկել, նիստը ձայնագրել, Սերժ Սարգսյանին է տվել, գետինն էլ չի մտնում»։

Արձագանքելով վարչապետին Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա իրականացրեց ԱԺ ամբիոնի մոտ․ սպառելով իր ելույթի համար նախատեսված 10 րոպեն, հայտարարեց, որ ամբիոնի մոտից չի հեռանում։ «Քաղաքական ակցիա եմ իրականացնում և ի նշան բողոքի՝ չեմ հեռանալու ԱԺ ամբիոնից։ Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես»,-հայտարարել էր նա։ Նիստը վարող Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ դահլիճ էր կանչել անվտանգության ծառայողներին, որոնք էլ ուժով ԱԺ ամբւոնի մոտից հեռացրել էին Թագուհի Թովմասյանին և նրա ակցիային միացած ընդդիմադիր մի քանի պատգամավորներին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest