Վերջին մի քանի օրվա ընթացքում Հարավային Կովկասում իսկական դրամա է խաղարկվում։ Սյունիքի մարզի Տեղ գյուղում դիրքեր հանձնելուց եւ դրան հետեւած 4 հայ զինվորի կյանք խլած արյունոտ միջադեպից հետո ՀՀ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովի նիստում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Բաքվին առաջարկում է ճանաչել Հայաստանի ամբողջականությունը սովետական՝ 29,8 հազար քառ․կմ սահմաններով։ Դրանից հետո Ալիեւը հանդես է գալիս տարօրինակ հայտարարությամբ․ Ղարաբաղը՝ մեր ներքին գործն է, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
Նման պարադոքսը պատահական չէ․ եթե Ղարաբաղը քո ներքին գործն է, որը դու ոչ ոքի հետ չես քննարկում, ինչի՞դ է Հայաստանի ճանաչումը։ Արդյո՞ք ոչ միայն Արցախի, այլեւ Ադրբեջանի եւ իր հայր Թուրքիայի բանալիները Երեւանում են։ Ըստ երեւույթին, Բաքվում, Անկարայում եւ ամբողջ աշխարհում դա քաջ հասկանում են, միայն չեն հասկանում, թե ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում տնօրինել այդ բանալիներին։ Փաշինյանի կառավարության «տվողական» քաղաքականությունից ելնելով, բանուկ միջազգային ուժերը փորձում են Հայաստանին թույլ չտալ քանդել տարածաշրջանի ճարտարապետությունը եւ «չֆռռացնել» բանալիները մատերի վրա։ Դրանք կարող են անվերադարձ կորսվեն։
Պատահական չեն այս օրերին Երեվանում գտնվում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, որոնք փորձում են Հայաստանին զերծ պահել որեւէ վճռորոշ քայլից, օրինակ՝ պայմանագրերի ստորագրումից։ Հավանաբար, ՀՀ իշխանություններին ասում են, որ չարժե մինչեւ մայիսի 14-ին կայանալիք Թուրքիայի ընտրությունները եւ Ուկրաինայում սպասվող հակահարձակումը որոշումներ կայացնել։
Իսկ ի՞նչ է պետք Ալիեւին։ Նա ուզում է, որ Փաշինյանը պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Եվրամիությանն ու խնդրի չխառնվել տարածաշրջանի գործերին, թողնելով այն ռուս-թուրքական տանդեմին։ Ասա, որ Ղարաբաղը՝ Ադրբեջան է, թող Բայդենն ու Մակրոնը էլ ինձ չզանգեն ու չասեն, որ «մնացյալ հարցերը» պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Պուտինն էլ զանգի, ասա, որ զորքերը հանի Ղարաբաղից։ Չէ, Պուտինին ես ինքս կզանգեմ ու ասեմ, որ պետք եկած պահին զորքը հանի՝ կոտորած անեմ, հավանաբար ասում է Ալիեւը։ Թեկուզ կոտորածն իրենք սովորեն հենց ռուսների ներկայությամբ անել։
ՀՀ ԱԳՆ-ն ի ցույց չի դրել Ալիեւի պարադոքսը։ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները, ասում է միայն ԱԳՆ-ը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւս չի նկատում պարադոքսը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։ Ես կրկին հիշեցնում եմ, որ ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ չեն զբաղվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ: Այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ»,-շեշտել է նա: Մարուքյանը չի ասում, թե ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:
«Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը», ասված է Արցախի ԱԺ հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության ժողովրդի անունից ԱԺ-ն դիմում է.
Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում ենք՝չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջև հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափով բանակցությունները:
Հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորման համար պետք է, որ ձևավորվեն միջազգային մեխանիզմներ, հայտարարեց Փաշինյանը. «Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին», — շեշտեց նա։
Ինչպե՞ս է կառավարության ղեկավարը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը. այս հարցին վարչապետը հստակ չպատասխանեց, սակայն խոսեց երկար տարիներ ուժի չկիրառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին բանակցված ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին։
Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցության նախընտրական ծրագրում նշված էր. «Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»: «Հիմա երբ դուք կատարում եք հակառակ պնդումներ, արդյո՞ք համարում եք, որ հիմա դուք լեգիտիմ եք, երբ որ ձեր նախընտրական ծրագրում ասել եք մի բան, հիմա՝ տարիուկես հետո, պնդում եք այլ բան», — հարցրեց վարչապետին Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: